Վիրահայոց թեմում և Ախալքալաքում նշել են Տեառնընդառաջը

16 Փետրվարի 2025, 19:20

Մշակույթ

Փետրվարի 13-ին Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում նշվել է Տեառնընդառաջի տոնը, ինչպես նաև կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Տոնը նշվել է նաև Վիրահայոց թեմում։ Տոնակատարության հիմնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակում, որտեղ կրակ են վառել թեմի հոգևորականների օրհնությամբ։ Հավատացյալները շրջապատել են խարույկը, երգել ու պարել, իսկ երիտասարդ զույգերը, ինչպես պահանջում է հայկական ավանդույթը, թռել են կրակի վրայով՝ մաղթելով միմյանց օրհնված ու երջանիկ կյանք։

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: