Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքում

27 Հունիսի 2023, 22:45

Հայեր

Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, արարողությանը մասնակցել են եղել Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:

Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:

Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ավետիք Հունանյանը: Խաչքարի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության 1.500.000 հայ զոհերի և Լեռնային Ղարաբաղի նահատակների, Ֆրանսիայի համար զոհվածներ հայերի հիշատակին»: