ՀՀ-ին վերաբերող բանաձևերով Իտալիայի սենատը պարզապես իր խիղճն է մաքրում. Լուռյան
21 Փետրվարի 2025, 21:20
Օրերս Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձև։
Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրումի կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է թեմային՝ նշելով, որ այդ բանաձևը գործնականում չի էլ կիրառվելու։
«Խաղաղությանն ուղղված որևէ գործողություն ողջունելի է։ Իմ անձնական մոտեցումն է՝ օրենսդիր կառույցների որևէ բանաձև կարող է խանդավառություն առաջացնել հայերի մոտ, սակայն գործադիր մարմնի վրա պարտադրող որևէ ուժ չունենա։ Նույնն է եղել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված տարբեր բանաձևերի դեպքում։ Ինձ համար միշտ ամոթալի էր, որ այսպիսի բանաձևեր ընդունելու ժամանակ կառավարության անդամները ներկա չեն լինում»,- նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այս բանաձևն Իտալիայում անարձագանք է մնացել։
«Այսպիսի նախաձեռնութունը ողջունելի է։ Իմ կարծիքով՝ այն գործնականում որևէ հետևանք չի ունենալու։ Տպավորություն ունեմ, որ համահայկական մասշտաբով որևէ աշխատանք չի տարվում։
Ասեմ, որ Իտալիայում այս բանաձևի ընդունումից հետո որևէ արձագանք չեղավ։ Մենք ենք, որ լսում ու ուրախանում ենք։ Իտալիայի Սենատը ՀՀ-ին վերաբերող բանաձևերով պարզապես իր խիղճն է մաքրում։ Երբ մարդիկ պատերազմի մեջ են լինում ու մնացածները չեն արտահայտվում, կամ շատ փափուկ հայտարարություններ են անում, չեմ կարծում, որ իրենց խիղճը մաքուր լինի»,- եզրափակել է Մինաս Լուռյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։