Արա Երեցյան․ Հոլոքոստի ժամանակ հարյուրավոր կյանքեր փրկած հայը
23 Փետրվարի 2025, 22:16
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 23-ը հայ բարերար Արա Երեցյանի ծննդյան օրն է, ով Հոլոքոստի ժամանակ վտանգել է իր կյանքը և հրեաներին փրկել նացիստներից։
Արա Երեցյանը ծնվել է 1918 թվականին Ստամբուլում՝ հայ ընտանիքում։ Վաղ տարիքից լքել է ծննդավայրը և ծնողների հետ հաստատվել Հունգարիայում։ 30-ականների սկզբին նա միացել է «Խաչված նետեր» (Arrow Cross) կուսակցության երիտասարդական շարժմանը, սակայն դուրս է եկել կուսակցության շարքերից, քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանն ընդդեմ հրեաների։ 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երեցյանը Բուդապեշտի վեցերորդ թաղամասում նշանակվել է քաղաքացիական պաշտպանության հրամանատար։ Նացիստական հեղաշրջումից և «Խաչված նետեր»-ի կուսակցության իշխանության գալուց հետո նա օգտագործել է իր ազդեցությունը հետապնդվող հրեաներին օգնելու համար: Նրան հաջողվել է փրկել մոտ 400 հրեաների Բուդապեշտում։
Երեցյանը սեփական միջոցներով 1944 թվականին Բուդապեշտում բացել է կլինիկա, որը գտնվում էր չեզոք Շվեդիայի դեսպանատան վերահսկողության տակ։ Երեցյանը դիմել է Հունգարիայի ներքին գործերի նախարարին՝ առաջարկելով անվճար օգնել վիրավոր զինվորականներին և քաղաքացիական անձանց։ Նախարարը փաստաթուղթ է ստորագրել, որպեսզի Երեցյանին թույլ տան հավաքել լավագույն բժիշկներին և տրամադրել նոր հոսպիտալի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Քառասուն հրեա բժիշկներ, որոնց համար Արա Երեցյանը ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր, աշխատել են կլինիկայում և այնտեղ ապրել ընտանիքներով՝ թաքնվելով հետապնդումից: Կուսակցության հետ ունեցած կապերը նրան թույլ էին տալիս ստանալ թույլտվություններ, կեղծ փաստաթղթեր և կնիքներ, որոնք անհրաժեշտ էին հիվանդանոցի գործունեության համար, ինչպես նաև պատվիրել դեղորայք և սարքավորումներ:
Հենց հիվանդանոցում Երեցյանին օգնում էր Լասլո Նադը։ Նա վարել է դուրս գրված բոլոր դեղերի և այն հիվանդների հաշվառումը, որոնց օգնություն է ցուցաբերվել։ Խնամքով մշակված փաստաթղթերը բարենպաստ տպավորություն էին թողնում «Խաչված նետերի» ստուգողների վրա, ովքեր, ծանոթանալով թղթերին, նույնիսկ չէին գալիս կլինիկա: Կլինիկայի բոլոր ծախսերը հոգացել է ինքը՝ Արան, ով փրկել է ավելի քան 400 հրեաների, այդ թվում՝ բժիշկների և նրանց ընտանիքների:
Պատերազմից հետո ողջ մնացած հրեաները դիմել են Հունգարիայի իշխանություններին՝ խնդրելով պարգևատրել Երեցյանին իր խիզախության համար, սակայն մերժում են ստացել։ 1960-ականների սկզբին նա լքել է Հունգարիան և հաստատվել Վիեննայում։
1981թ. փետրվարի 26-ին Յադ Վաշեմ ինստիտուտը Երեցյանին շնորհել է «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչումը: 1982 թվականին Ավստրիայում Իսրայելի դեսպանն ու Հայ եկեղեցու եպիսկոպոսը Վիեննայի հայկական եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Արա Երեցյանին շնորհել են Յադ Վաշեմի հուշամեդալ։ Երեցյանը դարձել է այդ պատվավոր կոչմանն արժանացած 24 հայերից առաջինը։
Ջուլի Օրինգերի «Անտեսանելի կամուրջ» գեղարվեստական վեպում մի քանի էջ նվիրված է նրա կյանքին և կլինիկային, որտեղ փրկվել են հրեաները, իսկ ինքը՝ Արա Երեցյանը, պատկերված է որպես հերոսության և մարդկայնության խորհրդանիշ ամենածանր ժամանակներում:
Արա Երեցյանը կյանքից հեռացել է 2010 թվականին Վիեննայում։