Միգրանտներին հատուկ ռազմական գործողությանը ներգրավելու մասին օրինագիծ կհայտնվի Պետդումայում

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը («Կոմունիստական կուսակցություն») օրինագիծ է պատրաստում, որը հնարավորություն կտա ռազմական հատուկ գործողությանը ներգրավել նաև միգրանտներին, ովքեր երկքաղաքացիություն ունեն։ 

Մանրամասնելով իր օրենսդրական նախաձեռնությունը՝ Պետդումայի պատգամավորը Տելեգրամում գրել է, որ դրա հիմքում «այլ անձնագիր ու այլ հայրենիք չունեցող» ՌԴ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիություն ստացած միգրանտների զինապարտությունը հավասար հիմքերի վրա դնելն է։ 

«Ես սկզբում խոսել եմ միջինասիական երկրներից եկածների մասին, բայց իրականում խոսքը բոլորի մասին է, այդ թվում՝ Անդրկովկասից եկածների։ Խոսքը մոբիլիզացիայի և զորակոչի հնարավորության մասին է»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ  զորակոչված միգրանտներին անհրաժեշտ է բաշխել ռուսական բանակի ստորաբաժանումների  միջև, նրանց ներգրավել նաև ռազմաշինարարական ջոկատներում, նաև՝ առաջնագծում։   

Մատվեևը օրինագծի պատրաստումը բացատրել է նրանով, որ այժմ երկքաղաքացիություն ունեցողները ենթակա չեն զորակոչի։

«Նրանք կարող են միայն որպես կամավորներ ներգրավվել ՌԴ ԶՈՒ-ում՝ պայմանագրով, այդ պատճառով էլ երեկվա միգրանտների ճնշող մեծամասնությունը չի հրաժարվում իր հանրապետության անձնագրից և ենթակա չէ մոբիլիզացիայի և զորակոչի՝ ՌԴ զինված ուժեր»,- գրել է պատգամավորը։

Նա նշել է նաև, որ Տելեգրամի իր  ալիքին բազմաթիվ դժգոհություններ ու նույնիսկ սպառնալիքներ է ստացել այս խնդրի շուրջ։

«Մեկնաբանություններն ու սպառնալիքները, որոնք կոտրտված ռուսերենով են՝ «սա մեր պատերազմը չէ, թող ռուսները գնան մեռնեն, իսկ մեզ հետ գործ չունեք», ապացուցում են, որ եթե ռուսական իշխանություններն այս ​​ մակաբուծական հոգեբանությունը հիմա ամենախիստ կերպով չկոտրեն, ապա ի դեմս սփյուռքի՝ մենք շուտով կարող ենք մեր թիկունքում իսկական հինգերորդ շարասյուն ունենալ»,- հավելել է Մատվեևը։

Նրա կարծիքով՝ խնդիրը չի կարող լուծվել առանց միգրացիայի և ժողովրդագրական խնդրի նկատմամբ իշխանությունների և հատուկ ծառայությունների մոտեցումների արմատական ​​փոփոխության։