Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի ցուցակում
27 Նոյեմբերի 2026, 23:50
Ռեժիսոր Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» (There’s No Place Like Home) վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնող 190 ֆիլմերի երկար ցուցակում։
Ֆիլմը պատմում է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մասին, որոնց հետևանքով ավելի քան 100 հազար հայ ստիպված եղավ լքել Արցախը։ Ֆիլմի հիմքում ականատեսների վկայություններն են, բռնի տեղահանվածների հետ հարցազրույցները, ինչպես նաև Գորիսում, Վարդենիսում և Երևանում նկարահանված արխիվային կադրերը։
Նախագիծն իրականացվել է առանց հոլիվուդյան խոշոր կինոստուդիաների մասնակցության՝ քրաուդֆանդինգի (հանրային ֆինանսավորման) և հայ համայնքի աջակցության շնորհիվ։ Ֆիլմի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Գրիգոր Աբգարյանն է։
Ֆիլմի պրոդյուսերներն են Դիանա Մեդիսոնը, Գոհար Խոջաբաղյանը, Արման Նշանյանը, Անի Ոսկանյանը, People Of Art մշակութային հիմնադրամը և AVA Films ընկերությունը։
Կինոակադեմիան 15 լավագույն աշխատանքներից բաղկացած կարճ ցուցակը կհրապարակի դեկտեմբերի 15-ին, իսկ «Օսկար»-ի հավակնորդների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2027 թվականի հունվարի 21-ին։
«Օսկար» 99-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2027 թվականի մարտի 14-ին։