«Միասին կարող ենք ավելին՝ հանուն Արցախի». համերգի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Արցախին
03 Հուլիսի 2023, 13:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը։
Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությանը՝ Արցախի երեխաների առողջական կարիքները հոգալու համար։