Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Դոնի Ռոստովում

29 Ապրիլի 2025, 20:35

Մշակույթ

Մյասնիկովի շրջանի Չալթր գյուղի պատմաազգագրական թանգարանում տեղի է ունեցել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է» խորագրով ցուցահանդես: Այս մասին հայտնում է Չալթր գյուղի թանգարանի տելեգրամյան ալիքը:

Միջոցառմանը մասնակցում էին հասարակայնության ներկայացուցիչներ, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից հայրենակիցների ժառանգներ և սովորող երիտասարդներ: Սեփական ժողովրդի ազատության համար կյանքը զոհաբերած իր պապի մասին պատմեց Աշոտ Խաչկինայանը:

Երեկոյի հաղորդավարները պատմել են նաև ազգային-ազատագրական շարժման մեկ այլ մասնակցի՝ Չալթրի կամավոր Ղուգաս Գայբարյանի մասին, ով նույնպես հերոսի մահով զոհվեց՝ թուրքերից ազատելով պատմական Հայաստանի տարածքում գտնվող հայկական գյուղերը: Միջոցառմանը նաև գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները ընթերցել են հայերեն բանաստեղծություններ, հնչել են երգեր Ելենա Յանազյանի կատարմամբ: Իսկ Տիգրան Քեչեջյանը հայկական երաժշտությունը հնչեցրել է դուդուկով։

1990 թվականին Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցու բակում տեղադրվել է «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար»։ Իսկ 1992 թվականի ապրիլի 24-ին Չալթրում հանդիսավորությամբ բացվել է Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարանը։

Հիմա եթերում