Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
30 Ապրիլի 2025, 12:47
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու հանրային քննարկմանը, որը նա է վարելու։
Թաղապետի ընդունարանում ակտիվիստին հանդիպել է թաղապետարանի աշխատակիցներից մեկը, ով հորդորել է խոսել քննարկումից հետո, ապա հայտարարել, թե Չախոյանը «լավ տղա չէ»։
Չախոյանին մեկ այլ աշխատակից հետևից հարվածներ է հասցրել,նրան են միացել նաև մյուս աշխատակիցները։ Թաղապետ Տեր-Մարգարյանը ևս դուրս է եկել իր աշխատասենյակից և բռունցքներով հարձակվել Չախոյանի վրա։
Ոստիկանությունը այս դեպքից հետո բերման է ենթարկել Չախոյանին:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- նշել են Երևանի քաղաքապետարանից: