Հայ դպրոցականը հաղթել է Մոսկվայում անցկացված Արհեստական բանականության օլիմպիադայի միջազգային հաշվարկում
23 Նոյեմբերի 2026, 17:40
Հայաստանը ներկայացնող դպրոցական Գուրգեն Բայբուրդյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացված Արհեստական բանականության (ԱԲ) 6-րդ համառուսաստանյան օլիմպիադայի օտարերկրյա մասնակիցների մրցույթում։ Այս մասին հայտնում է Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանը (ՄԻՖԻ)։
Միջազգային հաշվարկում լավագույն արդյունքը գրանցած Բայբուրդյանին հաջորդել են Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Շալմանովը (2-րդ տեղ) և Ղազախստանի ներկայացուցիչ Նուրլան Տուրուսպաևը (3-րդ տեղ)։ Ռուսաստանցի մասնակիցների ընդհանուր մրցույթում բացարձակ հաղթող է դարձել Պենզայի մարզի 11-րդ դասարանի աշակերտ Կիրիլ Իվախինը։
Մրցութային առաջադրանքներն անցկացվել են ՄԻՖԻ համալսարանում՝ երկու անհատական փուլով, որոնցից յուրաքանչյուրը տևել է վեց ժամ։ Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 20-ին՝ Մոսկվայի Վալենտինա Տերեշկովայի անվան ազգային տիեզերական կենտրոնում։
Կազմակերպիչների տվյալներով՝ 2026 թվականին օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 69 հազար դպրոցական՝ աշխարհի 63 երկրից (նախորդ տարվա 26 երկրի համեմատ աշխարհագրությունն ավելի քան կրկնապատկվել է)։ Եզրափակիչ փուլ էր անցել 61 մասնակից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Կիպրոսից։