Բաքուն դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրության նախագծում Ադրբեջանին տարածքային պահանջների բացակայությունը․ Բայրամով
23 Նոյեմբերի 2026, 15:30
«Ադրբեջանը դրական է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում՝ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։
«Համաձայնագիրը հրապարակային է, այն հրապարակվել է։ Ադրբեջանի դիրքորոշումն այն ժամանակ հստակ ներկայացրել ենք և կրկնում ենք նաև հիմա։ Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Թե երբ դա տեղի կունենա, բացառապես Հայաստանի ներքին գործն է»,- նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ որոշակի առաջընթաց նկատվում է։
«Վարչապետ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ես կզերծ մնայի Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ դա նրա ներքին գործն է։ Մեզ հետաքրքրում է միայն այն, որ նոր նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չլինեն։ Ըստ ամենայնի՝ նոր նախագծում նման դրույթ չկա, և մենք դա դրական ենք գնահատում»,- հայտարարել է Բայրամովը։
Նա հավելել է, որ Հայաստանի ներսում սահմանադրական գործընթացի ավարտի ժամկետները կախված են այդ երկրի ղեկավարությունից և հասարակությունից։
«Այս հարցի լուծումից հետո նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չեն մնա»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։