ԵՄ-ն չպե՛տք է «քավոր կանգնի» ցեղասպան պայմանագրին. բողոքի ակցիա ու նամակ Շառլ Միշելին

04 Հուլիսի 2023, 15:50

Քաղաքականություն

Այսօր մի խումբ եվրոպաբնակ հայեր Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել և նամակ փոխանցել գրասենյակին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

«Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ու անհամաձայնությունը հայտնում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵՄ «քավորությամբ»: Հայաստանի և Արցախի շահերը ոտնահարելով՝ նրանք, փաստացի, պաշտպանում են Ադրբեջանի շահերը։

Որպես այնտեղ բնակվող հայեր ու հարկատուներ, նամակ ենք կազմել, և քանի որ ես հիմա Հայաստանում եմ, որոշել ենք այստեղ հանձնել այդ նամակը», — լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ, գերմանաբնակ Արփինե Քոչարյանը։

Նամակում բարձրաձայնվում են Արցախի ու արցախահայության խնդիրները։

«Ինչպես հասկանում ենք, խաղաղության պայմանագրում արցախահայության շահերի մասին ոչ մի տող չկա։ Նամակում նշել ենք, որ այդ պայմանագրով էթնիկ զտում է սպասվում, և ԵՄ-ի նման հաստատությունը չպետք է «քավոր կանգնի» այս ցեղասպանական պայմանագրին», — ասել է Արփինե Քոչարյանը։

Շառլ Միշելին հասցեագրված նամակը ստորագրել են 1221 եվրոպահայեր։

Հավելենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային ներկա գործընթացի միջնորդներից է: Մասնավորապես, ԵՄ հովանու ներքո 2022 թ հոկտեմբերին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ԵԽ նախագահ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը, որի ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը հաստատել էին հանձնառությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այս պայմանավորվածությունից հետո փորձագիտական շրջանականերն արձանագրեցին, որ այդպիսով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ անտեսելով ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը, որով Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ անտեսելով փաստը, որ նույն 1991թ. Ալմա Աթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով:

Հիշեցնենք նաեւ, որ պրահյան հանդիպումից շաբաթներ առաջ Ադրբեջանը ագրեսիա էր իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով տարածքներ Ջերմուկում և Սյունիքում։

Հիմա եթերում