2 հայ զինծառայողներին Սումգայիթի դատարանում վերջնական մեղադրանք է ներկայացվել

05 Հուլիսի 2023, 13:51

Քաղաքականություն

Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին: Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ, տեղի կունենա վարչական նիստ։ Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից:

Նշենք նաև, որ հայ զինծառայողների դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ: Այս մասին տեղեկացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումները»,- ասել է Կիրակոսյանը։

Հավելենք, որ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի տվյալներով, որն զբաղվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրներով, այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, որոնցից 26-ը 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդում գերեվարվածների խմբից են, իսկ չհայտարարված գերիների թիվը, ըստ նույն աղբյուրի, 80 է:

Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը մինչեւ օրս լուծված չէ: Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում՝ հայտարարության 8-րդ կետի համաձայն: Ըստ մասնագետների, գերիների վերադարձի խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները սակարկության առարկա են դարձրել: