Ռեժիսոր Լուսինե Պապոյանի աշխատանքն ընդգրկվել է «Լամպ» կինոփառատոնի կարճ ցուցակում

06 Հուլիսի 2023, 08:21

Մշակույթ

Պերմում հոկտեմբերի 5-8-ը կանցկացվի «Լամպ» կինոփառատոնը, որի մրցութային աշխատանքների կարճ ցուցակում ընդգրկվել է նաև հայ կինոռեժիսոր Լուսինե Պապոյանի ֆիլմը: «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում Պապոյանը կներկայացնի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են Արամ Խաչատրյանը և Նարեկ Նազարյանը:

Այս տարի մրցույթին 63 երկրներից ներկայացրել են 525 սոցիալական ուղղվածություն ունեցող կարճամետրաժ ֆիլմեր, տեսահոլովակներ և սոցիալական գովազդներ: Մրցութային գնահատման արդյունքում կարճ ցուցակում ընդգրկվել է 56 աշխատանք 12 երկրից ՝ Հայաստանից, Դանիայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Իրանից, Հնդկաստանից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Կանադայից, Ռուսաստանից:

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Պերմում անցկացվող LAMPA FILM FEST 2023 հոբելյանական փառատոնի շրջանակներում:

«Լամպ»- ը բարեգործական կինեմատոգրաֆիական նախագիծ է, որն ուղղված է սոցիալական տեսաբովանդակության զարգացմանը: