Հայաստանում ԱՄՆ դեսպանը բացահայտեց այն, ինչին համաձայնել է Փաշինյանը․ Բենիամին Մաթևոսյան

06 Հուլիսի 2023, 09:10

Քաղաքականություն

Մենք ԱՄՆ դեսպանին պետք է շնորհակալություն հայտնենք իր այդ հայտարարության համար, որ նատուրալիստական հակումներ ունեցող ընդդիմադիր դաշտին բաց, պարզ, թափանցիկ լեզվով ներկայացրեց իրականությունը: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը, նշել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Քրիստինա Քվինը օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնարավոր էր համարել արցախահայերի խաղաղ եւ անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում։

Արձագանքեով Alpha News — ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի դիտարկմանը, թե այս հայտարարությունից հետո Հայաստանի արեւմտամետ ուժերը լուռ են, Բենիամին Մաթևոսյանն նկատել է հայ հասարակությունը պետք է ԱՄՆ դեսպանին շնորհակալություն հայտնի իր այդ խոսքերի համար, քանի որ նա բացահայտ ասել է այն, ինչին համաձայնություն է տվել Հայաստանի իշխանությունը: Այն բանակցությունները, որոնց տրամաբանության շրջանակում Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում ընտրել է ոչ թե ԱՄՆ դեսպանը, այլ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱՄՆ-ն ընդամենը փորձում է այդ իրավիճակից օգտվել:

«Տիկին դեսպանն ինչ ասել է, ճիշտ է ասել, և իրենց միայն կարելի է ծափահարել, որ փորձում են բոլոր հնարավոր երևույթներն օգտագործել ի շահ իրենց պետության», — շեշտել է քաղաքագետն ու հավելել, որ Հայաստանի քաղաքական դաշտի զգալի հատվածը նատուրալիստական պատկերացումներ ունի քաղաքականության վերաբերյալ և նրանց ամեն ինչ ուղիղ տեքստով է պետք ասել:

«Մինչև նրանց բաց տեքստով չես ասում, իրենց թվում է, թե դե, հնարավոր է այլ տարբերակ լինի, տակը մի բան կա, դե, մի բան գիտեն, որ ասում են: Ես ուղղակի պատասխանատվությամբ ասում եմ մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ 86.6 հազար քկմ-ի մեջ մտնում է նաև Ղարաբաղը, իրենք չէին հավատում, որ նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս»:

Հիշեցնենք` Ադրբեջանը առաջ է քաշում, այսպես կոչված, «ինտեգրման» օրակարգը։ Արցախի իշխանությունները բացառում են Ադրբեջանի հետ ինտեգրման հարցերի քննարկումը։ Արցախի ԱԳՆ-ն, ներկայացնելով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա։

Մանրամասները տեսանյութում: