ՌԴ ԱԳ նախարարի ցանկացած այց ուղղված է հարաբերությունների բարելավմանը. Անդրեյ Կլիմով
20 Մայիսի 2025, 22:30
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Երևան:
Սենատորի կարծիքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի ցանկացած այց ուղղված է հարաբերությունների բարելավմանը։
«Մեր արտգործնախարարի ցանկացած այց նպատակ ունի բարելավել մեր երկրի հարաբերություններն այն պետությունների հետ, որտեղ նա այցելում է։ Այդ հարաբերությունները տարբեր են լինում, և հենց դրա համար է նախարարը մեկնում։ Նորմալ է, երբ նախարարն այցելում է պետություն, որը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի անդամ է և գտնվում է մեզ հետ Եվրասիական տնտեսական միության կազմում։
Ինչպե՞ս կավարտվի այցը: Տեսնենք։ Իմ կանխատեսումները նորմալ են, որովհետև, որպես կանոն, նման այցելություններ պատրաստվում են։ Եթե կա քննարկման առարկա, եթե կողմերը տրամադրված են կառուցողական երկխոսության, ապա ինչը կարող է արտակարգ լինել։ Ցանկացած երկկողմ ձևաչափով, աշխարհի ցանկացած երկրի հետ միշտ կգտնվեն բարդ և հեշտ հարցեր», — ասել է Կլիմովը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը երես թեքի Ռուսաստանից, ապա հետագայում հայ ժողովուրդը դժվար թե դրական որևէ բան ունենա:
«Եթե Հայաստանը, որպես պետություն, ինչ-ինչ պատճառներով երես թեքի Ռուսաստանից, ապա ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը հետագայում ինչ-որ դրական բան ունենա, քանի որ հենց մեր պետության հետ դաշինքով Հայաստանը, իմ կարծիքով, կարող է զարգանալ լավագույն տարբերակով։ Սա իմ անձնական կարծիքն է, իսկ թե ինչ են մտածում Հայաստանում կոնկրետ քաղաքական ուժերը, դա կախված է ժամանակից, տարբեր բաներ են պատահում։ Արևմուտքը ցանկանում է քանդել մեր ավանդական հարաբերությունները, սակայն այդ ցանկությունները պայմանավորված չեն Հայաստանի հանդեպ հոգածությամբ, այլ՝ Ռուսաստանը կազմալուծելու ձգտումով», — եզրափակել է Կլիմովը։