ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի առաջադրած բոլոր հայ թեկնածուները Բեյրութում հաղթել են. Գրիգորյան

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Ջորջ Գրիգորյանի հետ:

«Ի տարբերություն այլ երկրների՝ Լիբանանում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 4-ին, և ընտրություններն անցկացվել են Լեռնալիբանան նահանգում: Այնտեղ է գտնվում նաև հայկական Բուրջ Համուդ քաղաքը և մի շարք այլ քաղաքներ և գյուղեր, որտեղ հայեր են բնակվում: Բուրջ Համուդի դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ընդգրկված էր թե՛ քաղաքապետական խորհրդի, թե՛ թաղապետերի ցանկերում, և հասավ հաջողության: Արդյունքում, Բուրջ Համուդում քաղաքապետարանի խորհրդի 21 անդամներից 14-ը հայ են: Իսկ եթե դիտարկենք նաև մյուս քաղաքների ընտրությունները, ապա կստացվի, որ 33 հայ ընտրվել է քաղաքապետական խորհրդի անդամ կամ թաղապետ»,- նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Բեյրութ նահանգում քաղաքապետական խորհրդի 3 հայ թեկնածուները հաղթել են:

«Բեյրութի թաղամասերից մեկում Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացրել է 12 թաղապետից կազմված ցանկ, որոնցից 7-ը հայեր են, իսկ մյուսները Լիբանանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Այստեղ ևս ամբողջովին հաջողել ենք: Ամփոփելով՝ նշեմ, որ Բեյրութ նահանգում քաղաքապետական խորհրդի 3 հայ թեկնածուները հաղթել են(առաջադրվել են տեղի մյուս հայկական կուսակցությունների կողմից), իսկ 24 անդամից կազմված քաղաքապետական խորհրդից, որին մենք աջակցություն էինք հայտնել, հաջողել է 23-ին, այսինքն՝ ջախջախիչ մեծամասնությունը: Այլ կերպ ասած՝ Դաշնակցության առաջադրած բոլոր հայ թեկնածուները Բեյրութում հաղթել են»,- եզրափակել է Գրիգորյանը: