Քանդակագործ Լյովա Բեյբությանը կհավերժացնի Լենինգրադը պաշտպանած նավաշինարարների սխրանքը
Սանկտ Պետերբուրգի պետական ծովային տեխնիկական համալսարանում հիմք է դրվել ապագա հուշարձանի, որը նվիրված է 264-րդ առանձին գնդացրային-հրետանային գումարտակի զինվորներին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Բեյբությանը սկսել է աշխատել այդ հուշարձանի վրա, որի նախագիծն արդեն համաձայնեցված է։ Նախագծի ճարտարապետը Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:
«Մենք քիչ-քիչ հավաքում ենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պատմությունը։ Իսկ այս հուշարձանը քաղաքի պաշտպանության գործում համալսարանի ունեցած ավանդի գնահատականն է»,- նշել է դաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալբերտ Հակոբյանը:
Միջոցառմանը ներկայացվել է հուշակոթողի մանրակերտը, որը խորհրդանշում է համալսարանի գլխավոր մասնաշենքից ռազմաճակատ մեկնող մարտիկներին: Հինգմետրանոց գրանիտե հուշարձանի հարթաքանդակների վրա պատկերված կլինեն պատերազմ գնացող կամավորների ֆիգուրները:
«Նախագծի վրա սկսել եմ աշխատել 4 տարի առաջ, ստեղծել եմ էսքիզների 12 տարբերակ։ Մանրամասն ուսումնասիրել եմ պատմական նյութերը. շատ եմ կարդացել և նույնիսկ եղել մարտերի վայրերում», — պատմել է հուշարձանի հեղինակ Լյովա Բեյբությանը։


