Թովմաս Նազարբեկյան․ Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսը

28 Մայիսի 2025, 22:00

Հայեր

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը (Ֆոմա Իվանի Նազարբեկով) հայ ականավոր ռազմական գործիչ է, ով առանցքային դեր է խաղացել Ռուսական կայսրության և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մեջ։

Ծնվել է 1855 թ․ ապրիլի 4-ին Թիֆլիսում։ Անկախության համար մղվող պայքարի կրիտիկական շրջանում ռուսական բանակի սպայից դարձել է հայկական զորքերի գլխավոր հրամանատար։

Նազարբեկյանը զինվորական կրթություն է ստացել 3-րդ Ալեքսանդրովյան ուսումնարանում և 2 տարի անց` 1876 թ. արդեն ծառայության է անցել։ Նա մասնակցել է 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմին՝ աչքի ընկնելով Արդահանի բերդի գրոհի և Էրզրումի ճակատամարտի ժամանակ։ Ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել է «Սուրբ Ստանիսլավ» և «Սուրբ Աննա» 3-րդ աստիճանի շքանշաններով։ Այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր։

1904 թ․ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Նազարբեկյանը ղեկավարել է Կիրսանովի 286-րդ հետևակային գունդը, աչքի է ընկել Մուկդենի ճակատամարտում և արժանացել «Ոսկյա զենքով քաջության համար» պարգևի։

Պատերազմից հետո գեներալ-մայորի կոչումով անցել է թոշակի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է ծառայության և ղեկավարել Կովկասի 2-րդ հրաձգային դիվիզիան։

1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո Նազարբեկյանը գլխավորել է Հայկական կորպուսը։ Այն միակ կազմակերպված ուժն էր, որը կարողացավ դիմակայել թուրքական հարձակմանը։

1918 թ․ մայիսին նա առանցքային դեր է խաղել Սարդարապատի ճակատամարտում, որտեղ հայկական զորքերը կասեցրել են թուրքական առաջխաղացումը և պաշտպանել Երևանը։

1918 թ․ մայիսի 21-ին թուրքական զորքերն անցել են հարձակման, սակայն Նազարբեկյանի և նրա սպաների, այդ թվում՝ Մովսես Սիլիկյանի և Դանիել Բեկ-Փիրումյանի ղեկավարությամբ հայկական ուժերը կարողացել են ջախջախիչ պարտության մատնել թշնամուն։

Սարդարապատի ճակատամարտից հետո Նազարբեկյանը մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին, որտեղ թուրքական զորքերը շարունակել են դեպի հյուսիս հարձակումը։ Ճակատամարտի կրիտիկական պահին նա անձամբ ժամանել է առաջնագիծ, բարձրացրել զինվորների մարտական ոգին և կազմակերպել ֆլանգային հարձակում, որն անակնկալի է բերել հակառակորդին։ Դա թույլ է տվել հայկական զորքերին ամրապնդել իրենց հաջողությունները և կանխել թուրքական հետագա ներխուժումը։

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո Նազարբեկյանը դարձել է հայկական բանակի գլխավոր հրամանատարը և մասնակցել հայ-ադրբեջանական պատերազմին։ Սակայն 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, ապա պահվել Ռյազանի բանտում և համաներման արժանացել 1921 թ. մայիսին։

Ապրելով ծայրահեղ աղքատության մեջ ՝ Նազարբեկյանը հնարավորություն էր գտնում հուշեր գրել Կովկասյան ռազմաճակատում 1914-1918 թթ. ռազմական գործողությունների մասին։

Նազարբեկյանը մահացել է 1931 թ․ փետրվարի 19-ին Թիֆլիսում: