Մոսկվայի «Շումախեր» Էդուարդ Միրզոյանը 89 տարեկանում հաղթել է «Պոբեդա» մրցարշավում
03 Հունիսի 2025, 12:09
Հայտնի ավտոարշավորդ, ԽՍՀՄ չեմպիոն Էդուարդ Միրզոյանը հաղթել է Հաղթանակի օրվան նվիրված ամենամյա կարտինգի մրցարշավում։ Այն կայացել է Մոսկվայի Մարյինո թաղամասի կարտոդրոմում։
«Հաղթանակի օրն ինձ համար առանձնահատուկ տոն է, ուստի իմ պարտքն եմ համարում այն ինչ-որ նշանակալի ձևով նշել։ 1945 թ. մայիսին ես 10 տարեկան էի, ապրում էինք Ստեփանակերտում ։ Հանկարծ փողոցում աղմուկ լսեցինք։ Մայրս բացեց պատուհանը և հարցրեց հարևանին, թե ինչ է պատահել։ Նա էլ պատասխանեց․ «Պատերազմն ավարտվել է»»,-հիշում է Էդուարդ Միրզոյանը։
Մրցավազքը բաղկացած էր երեք փուլից, արդյունքում 89-ամյա Էդուարդն ամենաարագն էր ավագ տարիքային կատեգորիայում, որտեղ մասնակիցները նրանից շատ ավելի երիտասարդ էին։
Միրզոյանը ծնվել է Արցախում, հետո ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Մանկուց արագության հանդեպ սեր ուներ։ Երբ Էդուարդը դարձել է 15 տարեկան, հնարավորություն է ընձեռվել գնել հեծանիվ-մոտոցիկլ։ Հնարամիտ տղան այն գնելու համար վաճառել է հեծանիվն ու ժամացույցը՝ դրա համար խիստ նկատողություն ստանալով։
Երեք տարի անց նա այնքան լավ էր վարում, որ նրան հրավիրել են փոխարինելու «Լոկոմոտիվ» թիմի հիվանդացած մարզիկին։ Էդուարդն այնքան է տարվել, որ քիչ էր մնում բաց թողներ վերջնագիծը։ Նրան կանգնեցրել են, իջեցրել մոտոցիկլից։ Այսպես սկսնակ մրցարշավորդը դարձավ չեմպիոն։ Դրան հաջորդել են այլ հաղթանակներ և տիտղոսներ, որոնցից ամենակարևորը Խորհրդային Միության չեմպիոնի կոչումն է։
«Ես ունեի Խորհրդային Միության 91-րդ մեկնարկային համարը։ Հուսով եմ՝ կհասնեմ այդ տարիքին և կնշեմ մրցարշավային կարտի ղեկին»,- ասել է նա։
Այս ամառ վետերան չեմպիոնը կդառնա 90 տարեկան և դեռ փայլում է ավտոդրոմներում։