Փաշինյանը փորձում է ջարդել Հայ առաքելական եկեղեցին, պահանջում ենք դատել նրան. Էլեոնորա Մանանդյան

02 Հունիսի 2025, 13:47

Քաղաքականություն

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 2-ին, Կառավարության դիմաց ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու համար:

Ակցիայի մասնակիցները խունկ էին վառել գործադիրի շենքի առաջ, պնդելով, որ Կառավարությունը էկզորսիզմի կարիք ունի:

«Հայ առաքելական եկեղեցին պետք է ծես անի, որ էս ամբողջ չարքիը հանի, նեռապաշտության չարիքը հանի մեր կառավարությունից: Սա մեր շենքն է, իսկ այդ շենքը զավթած մարդկանց պետք է մաքրենք այդտեղից, սկսում ենք խունկից»,- ասաց քաղաքացիներից Էլեոնորա Մանանդյանը:

Նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը փորձ է անում ջարդել հայ ազգի հիմնասյունը՝ Հայ առաքելական եկեղեցին:

«Նիկոլ Փաշինյանը վերջնական հատել է կարմիր գիծը, եթե մնացած դեպքերի համար ինքը հորինում էր ինչ-որ բացատրություններ, ապա այս անգամ ոչ մի բացատրություն ինքը չի կարող ներկայացնել: Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում ու մոմ են առում, որտե՞ղ եք դուք, երբ ձեր հավատը ոտնահարված է, երբ Փաշինյանը համարձակվել է պղծել Հայ առաքելական եկեղեցին: Եթե մենք սա հանդուրժենք, այլևս իմաստ չի ունենա համարել, որ Հայաստան ունենք ու մենք էլ հայ ենք: Մենք պահանջում ենք դատել Նիկոլ Փաշինյանին, քրեական պատասխանատվության ենթարկել նրա կենակցին »,- ասաց Էլեոնորա Մանանդյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ու կինը ֆեյսբուքում գրառումներ են անում հոգևորականների մասին: Փաշինյանը գրել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում»:

Մինչդեռ, ըստ Սահմանադրության, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: