Եթե չես հիշում անցյալն, ուրեմն ապագա չունես․ «Ժողովուրդն է խոսում»
07 Հունիսի 2025, 10:20
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
«Թուրքը մնում է թուրք»,-ասում են հարցախույզի մասնակիցները՝ բացառելով Թուրքիայի հետ բարեկամության հնարավորությունը։
Մեկ այլ քաղաքացի նշում է․ «Թուրքերենում «խաղաղություն» բառ չկա, կա «բարիշել» բառ, այսինքն՝ համաձայնել ինչ-որ բանի շուրջ։ Դա լեզվամտածողության հարց է և շատ բան է խոսում ազգի մասին»։
Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ պետք է կառուցողական կապեր ունենալ հարևանների հետ, բայց, միևնույն ժամանակ, չմոռանալ անցյալի մասին․ «Եթե չես հիշում անցյալն, ուրեմն ապագա չունես»։
Խոսելով ՀՀ անվտանգային ներկայիս վիճակի մասին՝ քաղաքացիները ցավով նշում են, որ անվտանգություն գրեթե չկա։
«Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ մի կտոր հող ենք տվել»,- ասում է հարցախույզի մասնակիցներից մեկը։
«Իսկ ընդհանրապես կա՞ անվտանգություն Հայաստանում։ Ես չեմ տեսնում»,-հարցադրում է անում քաղաքացին։
Քաղաքացիները կարծում են, որ առաջնահերթությունների թվում են բանակը, որը պետք է ուժեղացնել, սեփական սխալներն ընդունելն ու առաջ շարժվելը։