Պատերազմով ընդհատված երաժշտություն․ «Իժորյան խոյահարում» հուշահամալիրում տեղի է ունեցել կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի հուղարկավորությունը

03 Նոյեմբերի 2026, 18:10

Հայեր

Նոյեմբերի 3-ին Լենինգրադի մարզում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայտնի հայ կոմպոզիտորի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր-սգո արարողությունը:

2024 թվականին Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում «Դոբլեստ» (Արիություն) պատմահայրենասիրական միջրեգիոնալ հասարակական կազմակերպության որոնողական խումբը հայտնաբերել էր Կարմիր բանակի վեց մարտիկների աճյուններ: Դրանք գտնվել են Լենինգրադի մատույցներում՝ 1941 թվականի դեկտեմբերի առաջնագծի խրամատում: Մանրամասն ուսումնասիրության և արտաշիրիմման ընթացքում զոհվածներից մեկի մոտ գտնվել է զինվորական «հետմահու մեդալիոն»: Դրա վերծանումից հետո հաջողվել է պարզել մարտիկի ինքնությունը. նա լեյտենանտ Հարություն Սարգսի Հովհաննիսյանն էր:

Հարություն Հովհաննիսյանը աչքի ընկնող հայ կոմպոզիտոր էր: Նա ծնվել է 1908 թվականի հուլիսի 5-ին և վաղ տարիքից տարվել երաժշտությամբ: 1928 թվականին ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Երևանի երաժշտական տեխնիկում, իսկ ավելի ուշ տեղափոխվել կոմպոզիցիայի ֆակուլտետ՝ Ա․ Լ․ Ստեփանյանի դասարան: 1933 թվականին Հովհաննիսյանը տեղափոխվել է Լենինգրադ և ընդունվել կոնսերվատորիա (այժմ՝ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա):

Ստեղծագործական գործունեության տարիներին նա հեղինակել է բազմաթիվ վառ երաժշտական երկեր, որոնք բարձր են գնահատվել քննադատների կողմից և ընդգրկվել տարբեր ժողովածուներում: Նա հաջողությամբ ներկայացրել է իր ստեղծագործությունները Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների համերգներին, դարձել կոնսերվատորիայի ասպիրանտ և անդամագրվել Կոմպոզիտորների միությանը:

Պատերազմի սկսվելուն պես Հարություն Սարգսի Հովհաննիսյանը հրաժարվել է թիկունք տարհանվելուց (էվակուացիայից): Կամավորագրվելով ժողովրդական աշխարհազորին՝ նա հասել է նրան, որ իրեն ուղարկեն լեյտենանտների դպրոց: 1941 թվականի աշնանը նրան ուղարկել են ռազմաճակատ՝ որպես 43-րդ հրաձգային դիվիզիայի 708-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար: Նա զոհվել է Լենինգրադի պաշտպանության ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերին, ընդամենը 33 տարեկան հասակում:

Որոնողական խումբը երկար ժամանակ փորձել է գտնել զոհվածի ուղղակի ազգականներին, սակայն պարզվել է, որ մտերիմներ չեն մնացել, քանի որ կոմպոզիտորը երեխաներ չի ունեցել:

Հարություն Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության պահապանն է դարձել Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան, որի ղեկավարությունն ու աշխատակիցներն անմիջապես արձագանքել են որոնողական ջոկատների հարցմանը: Ինչպես պարզվել է, բուհում ակնածանքով են պահպանում իրենց շրջանավարտի հիշատակը, իսկ նրա անունը արձանագրված է պատերազմի տարիներին զոհված աշխատակիցների և ուսանողների հուշատախտակին:

Հարություն Սարգսի Հովհաննիսյանի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր-սգո արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, ժամը 14:00-ին՝ Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանի «Իժորյան խոյահարում» հուշահամալիրում՝ նրա զոհվելու վայրից ոչ հեռու:

Հիմա եթերում