Յուրի Վարդանյան՝ անհնարինը բարձրացնողը

13 Հունիսի 2025, 22:00

Հայեր

Յուրի Վարդանյանը խորհրդային նշանավոր ծանրորդ է, օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն և 43-ակի ռեկորդակիր։ Նա պատմության մեջ մտել է որպես առաջին միջին քաշային կարգում ռեկորդակիր՝ բարձրացնելով 400 կգ։

Ծնվել է 1956 թ․ հունիսի 13-ին Լենինականում։ Սպորտում նրա ուղին սկսվել է 1970 թ․ հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ։ Արդեն 1975-1976 թթ․ նվաճել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներն՝ ամրապնդելով իր տեղը ԽՍՀՄ հավաքականում։

1980 թ․ Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում Վարդանյանը սահմանել է հինգ համաշխարհային ռեկորդ, նվաճել ոսկի մեդալ ։ 1984 թ․ խաղերի բոյկոտի պատճառով նա չի կարողացել հանդես գալ Լոս Անջելեսում, սակայն «Դրուժբա-84» մրցաշարում սահմանել է ռեկորդ՝ բարձրացնելով 405 կգ, և այս ձեռքբերումը մնացել է անգերազանցելի մինչև 1993 թվականը։

1985 թվականին նա հաղթել է աշխարհի առաջնությունում․ դա վերջին առաջնությունն էր, որ մասնակցել է ծանրորդը։

Յուրի Վարդանյանի անունը տեղ է գտել նաև համաշխարհային ծանրամարտի փառքի սրահում։

1991 թ․ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Վարդանյանը մարզել է որդուն՝ Նորայրին, ով դարձել է ԱՄՆ չեմպիոն և մասնակցել 2012 թ․ Օլիմպիական խաղերին։

2009 թ․ նա վերադարձել է Հայաստան՝ դառնալով նախագահի խորհրդական, ապա ստանձնել սպորտի նախարարի և Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։

Յուրի Վարդանյանը մահացել է 2018 թ․ նոյեմբերի 1-ին և հուղարկավորվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Նրա ժառանգությունն ընդմիշտ կմնա որպես ուժի, նպատակասլացության և բացառիկ տաղանդի խորհրդանիշ։