Ազգային սրբությունները պաշտպանելը հանցագործությո՞ւն է
18 Հունիսի 2025, 11:37
Ռուսաստանի հայերը հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի։
«Միավորված Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ մենք՝ Ռուսաստանի հայերս, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի զավակներս, վրդովմունքով տեղեկացանք Հայաստանի իշխանությունների կողմից նոր վրեժխնդրության ակտի մասին: Ազգային սրբություններին հավատարմության դրսևորումը և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանն աջակցելը հանցագործությո՞ւն է: Այս անգամ նման մեղադրանքը հնչեցվեց ազգային գործիչ Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ, ով, ինչպես իսկական հավատացյալ մարդ, իր որդիական հավատարմությունը հայտնեց Հայոց եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Ցավալի և վիրավորական է, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մարդու, ով ոչինչ չխնայեց ազգն ու երկիրը պահպանելու համար, ով իր բարի, հայրենանվեր գործերով վաստակեց ազգային բարերարի համբավ, մարդու, ում այլ կերպ չի կարելի անվանել, քան ազգային հարստություն։ Հանրապետության կազմավորման առաջին օրերից Ս. Ս. Կարապետյանը ծառայել է նրա պատվին ու բարգավաճմանը, եղել է Հայաստանի առաջընթացի և ռուս-հայկական հարաբերությունների ֆլագմաններից մեկը:
Աշխարհի բազմաթիվ հայտնի մարդկանց արձագանքը ծավալվող իրադարձություններին ցույց է տալիս, որ վարչապետը և իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց օրենքից վեր դասելով, բիրտ ուժ են օգտագործում վախի մթնոլորտ ստեղծելու համար, փորձում են ճնշել ազգային և հոգևոր արժեքների պաշտպանների ձայնը՝ ամեն քայլափոխի նվաստացնելով երկիրը և նրա քաղաքացիներին՝ հասարակությանը տանելով պառակտման։ Մենք խստորեն դատապարտում ենք նման պահվածքը, որն արատավորում է հայ ազգին՝ որպես հնագույն մշակույթի կրողի։ Մեր ժողովուրդը, չնայած խարդավանքներին, հավատարիմ է իր արմատներին ու բարձրագույն ավանդույթներին, անսասան կամք ունի՝ հավատարմություն ցուցաբերելու իր նախնիների ժառանգությանը և Սուրբ եկեղեցուն։
Հայաստանի իշխանություններից շտապ պահանջում ենք դադարեցնել իրենց կամայականությունները և կատարել օրենքի գերակայության և ազգային միասնության պահպանման իրենց անմիջական պարտականությունները։ Ներկայիս դժվարին իրողություններում իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին ձեռնարկել անվտանգության բոլոր արդյունավետ միջոցառումները տարածաշրջանում աշխարհաքաղաքական սպառնալիքները ճնշելու համար, որոնք կարող են ճակատագրական դառնալ հայկական պետականության և մեր ժողովրդի համար»,-ասված է հայտարարության մեջ։