Ակսել Բակունց․ հայկական գյուղի «երգիչը»

25 Հունիսի 2025, 22:05

Հայեր

Ակսել Բակունցը (իսկական անունը՝ Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է 1899 թ․հունիսի 25-ին Գորիսում՝ գյուղացու ընտանիքում։ Նա դարձել է 20-րդ դարասկզբի հայ արձակի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա ճակատագիրը հենց Հայաստանի ճակատագրի արտացոլումն է՝ կռվող, արարող, բայց ի վերջո՝ լռող։

Նրա կյանքի առանցքային դրվագներից մեկը 1918 թ․ Սարդարապատի ճակատամարտին մասնակցելն էր։ Երիտասարդ Բակունցը կամավոր մեկնում է ռազմաճակատ, և հենց այնտեղ՝ անհանգիստ գիշերներում, ծնվում են նրա առաջին հակապատերազմական պատմությունները։ Մարդասիրությամբ ու ցավով լի այս տեքստերը դարձան նրա հասուն գրական ձայնի նախադրյալը։

Պատերազմից հետո ավարտել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը և վերադարձել Սյունիք՝ որպես գլխավոր գյուղատնտես, բայց ագրոնոմիան չի մթագնել նրա մեջ գրողին։ Նրա պատմվածքները՝ «Ալպիական մանուշակ», «Կյորես», «Նամակ ռուսաց թագավորին», դարձան հայկական գյուղի, գյուղացիների, նրանց ողբերգությունների և հույսերի օրհներգը։ Հատկապես ուշագրավ է «Կյորես» պատմվածքը, որտեղ նուրբ երգիծանքով պատկերված է գավառական կյանքը՝ լի անհեթեթությամբ և թաքնված ցավով։

1934 թ․ Բակունցը դառնում է ԽՍՀՄ գրողների առաջին համագումարի պատվիրակ։ Թվում էր, թե նրա ճանաչումը պաշտոնական էր, սակայն 1937 թ․ Բակունցին ձերբակալում են և մահապատժի ենթարկում հակասովետական գործունեության մեղադրանքով։ 1955 թ․ նա հետմահու արդարացվում է։

Բակունցը մնացել է հիշողություններում որպես հայկական գյուղի «երգիչ»՝ մարդ, ով կարողանում էր պոեզիան տեսնել առօրյայում, ողբերգությունը ՝ լռության մեջ։ Նրա ձայնը շարունակում է հնչել յուրաքանչյուրի մեջ, ով կարդում է նրա տողերը։