Հայաստանի հրաձգության հավաքականը Բաքվում կմասնակցի կայանալիք աշխարհի առաջնությանը

11 Հուլիսի 2023, 13:58

Սպորտ

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասել է, որ իրենց վստահեցրել են՝ այնպես են անելու, որ ոչ մի խնդիր չլինի Բաքվում և հավելել է՝ նման միջոցառումը բաց թողնել չի կարելի:

Նիկողոսյանի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան ևս երկու ուղեգիր նվաճելու: Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` մարզիչը շեշտել է, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ և ռեկորդակիրներ են:

Իսկ ինչ վերաբերում է անհատական պայքարին, ապա անհաջողությունը կապված է լավ արդյունք գրանցելու բուռն ցանկության հետ: Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել էին Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ: Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն էր:

Անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը: