«Ազատվե՛ք ռուսներից, և մենք ձեզ համար ամեն ինչ կանենք»․ Ալեքսեյ Մարտինով

11 Հուլիսի 2023, 22:40

Քաղաքականություն

«Դա ինձ հիշեցնում է մի դրվագ սովետական ֆիլմից, երբ համազգեստով և գաղութային սաղավարտով բրիտանացի խորհրդականը խոսում է բասմաչիների առաջնորդների հետ և ասում՝ դուք, կարեւորը ազատվեք ռուսներից, մնացածը ձեր փոխարեն մենք կորոշենք, ինչը նշանակում է՝ մենք ամեն ինչ կլուծենք, բայց ահա թե ինչ՝ մենք կհրահրենք հակամարտությունը, որպեսզի բոլորը սպանեն իրար, և եթե ինչ-որ բան մնա, ավելի հեշտ կլինի կառավարել։ Ահա թե ինչ է իրականում կատարվում։ Ես ոչինչ չեմ պատկերացնում, ես խոսում եմ միայն պատմական հետահայաց տեսակետից։ Ինչ կարող է լինել ապագայում, չգիտեմ։ Միայն մի բան կարող եմ ասել՝ Ռուսաստանը ցանկանում է Անդրկովկասում կայուն, երաշխավորված խաղաղություն»:

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչպիսին է Արեւմուտքի կողմից թելադրված կարգավորման ներկա գործընթացը։

«Քանի որ ես հիմնական կրթությամբ, պատմաբան եմ, կանդրադառնամ պատմությանը: Եղել են ժամանակներ, երբ Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայություն չի եղել, եղել են և՛ պարսիկներ, և՛ թուրքեր, արյան գետեր են հոսել և շատ ավելին։ Ռուսական ռազմական ներկայության սկզբնական շրջանում և 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրի ստորագրումից հետո, հաստատվեց երկար սպասված խաղաղությունը, քանի որ ռուսական ներկայությունը նվազեցրեց տարածաշրջանում դարեր տեւած ներքին հակամարտությունների թիվը։ Հենց որ Ռուսաստանի դիրքերը թուլացան, և նա հեռացավ տարածաշրջանից, պատերազմները վերսկսվեցին։

Ամենաթարմ պատմությունը ԽՍՀՄ-ի փլուզումն է, որից հետո Ղարաբաղում տեղի ունեցավ առաջին և ամենաարյունալի հակամարտությունը։ Հետո նորից առաջացան բոլոր հին դժգոհություններն ու խնդիրները, և պարզ է, որ այդ բոլոր խոցերը հավաքում են մեր, այսպես կոչված, «բարեկամները», որոնք հիմա Փաշինյանին ու Ալիևին համոզում են, ասում են՝ թողե՛ք ռուսներին, իսկ մենք ձեզ համար ամեն ինչ կանենք»,- ասել է քաղաքագետը։