Կապրենք, կտեսնենք՝ եղել է ահաբեկչություն, թե ոչ. Սեյրան Օհանյան
08 Հուլիսի 2025, 19:53
Ակնհայտ է, որ այսօր ոչ միայն իմ, այլև ՀՀ-ում որոշ արժեքների, անհատների նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես քաղաքական գնահատական չէի տա, եթե գործընթացը, որի շրջանակում ցուցմունք եմ տվել 2018 թվականին, հենց այն ժամանակ էլ որոշում ընդունվեր։ Ես քաղաքական չէի համարի, եթե այս գործընթացի հետ կապ չունենար իմ գործընկերը՝ Արծվիկ Մինասյանը»,- նշել է Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ հետապնդումների շարքը շարունակական է՝ և՛ հոգևոր աժեքների նկատմամբ, և՛ այնպիսի ազգային բարերարի նկատմամբ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է։
«Իսկ այն հետապնդումը, որն իրականացվում է Սրբազանների, Արթուր Սարգսյանի նկատմամբ, միայն քաղաքական ենթատեքստ ունի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը։