Ստեղծվել է Հայ եկեղեցու պաշտպանության Համահայկական խորհուրդ

10 Հուլիսի 2025, 15:55

Քաղաքականություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, իրավական և ազգային նշանակության պաշտպանության նպատակով ստեղծվել է Հայաստանյայց Եկեղեցու պաշտպանության Համահայկական խորհուրդ:

«Մենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի պետական համակարգի իշխող վերնախավի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները մեր Եկեղեցու Սրբազան ծառայությունն ու հոգևորականներին ենթարկում են նպատակային ճնշումների և հարձակումների՝ հանրային տարածքը լցնելով թունավոր հեղեղով։

Գիտակցելով, որ դարերի ընթացքում, պետականության կորստի պայմաններում, Հայոց եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնապահպանման ամուր հենարանը, հայոց լեզվի, գրչության, կրթության և մշակութային ժառանգության անքակտելի պահապանը, ազգագրական և բարոյական ծածկագրի պահապանը, ինչպես նաև ունենալով պատմական հիշողություն՝ Ավարայրից մինչև Ցեղասպանության որբանոցներ ու պատերազմական տարիներ, երբ Եկեղեցին միավորող ուժ էր աղետների ու վշտի մեջ, և հաշվի առնելով, որ հավատքի և եկեղեցական ինքնավարության դեմ ցանկացած հարձակում միաժամանակ հարված է ազգային ինքնության հիմքերին, մենք հայտարարում ենք Հայ եկեղեցու պաշտպանության Համահայկական խորհրդի ստեղծման մասին:

Խորհրդի նպատակներն է՝

1․Պաշտպանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, իրավական և ազգային նշանակությունը՝ հակազդելով ցանկացած կանխակալ կամ կազմակերպված լրատվական արշավների:

2․Հաստատված փաստերի և հավաստի տեղեկությունների հիման վրա արձագանքել հանրային տիրույթում տարածվող կեղծ պնդումներին և կանխել եկեղեցու, հոգևորականության կամ հավատացյալների դեմ ատելության խոսքը:

3․ Համախմբել հավատացյալներին, մտավորականներին և իրավապաշտպան շրջանակներին՝ ստեղծելու գործընկերային հարթակներ, որտեղ կքննարկվեն առաջացած խնդիրները և կձևակերպվեն արդար և իրավական լուծումներ:
4․Հետևել, որ ցանկացած պետական մարմին կամ պաշտոնատար անձ իր հայտարարություններում և գործողություններում հարգի հոգևոր կառույցների ինքնավարությունը և հիմնարար ազատությունները:

Հայտարարում ենք, որ խորհուրդը քաղաքական կամ կուսակցական կառույց չէ. նրա գործունեությունը հիմնվում է բացառապես հավատքի, պատմական կոչման և ժողովրդավարական արժեքներին նվիրվածության վրա՝ հենվելով սիրո, ազգային ոգու և օրինականության վրա:

Խորհուրդը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի խոշոր համայնքներում, մասնավորապես՝ Փարիզում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Նման լայն ներկայությունը խորհրդին թույլ է տալիս ուշադիր լսել համայնքների կարծիքները և դրանք համախմբել մեկ միասնական ձայնում:

Հենվելով այս բազմաբևեռ ներկայացվածության վրա՝ Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել Հայ Եկեղեցու դեմ ուղղված բոլոր հարձակումներն ու ապատեղեկատվական արշավները և, ընդհակառակը, միավորել ուժերն ու սրտերը՝ միասնաբար պահպանելու մեր հոգևոր տունը, քանզի դրանով մենք ամրապնդում ենք հայ ժողովրդի համերաշխությունը, մեր պետականության պատիվն ու արժանապատվությունը:

Վստահ ենք, որ Տիրոջ խաղաղությունը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի լուսավորյալ հավատը կուղեկցեն մեզ այս դժվարին պահին՝ առաջնորդելով մեզ դեպի համերաշխություն, ճշմարտություն, փոխադարձ հարգանք և միասնականություն», — ասված է Խորհրդի հայտարարության մեջ:

Հիմա եթերում