Եվրապատգամավորների հասցեին սպառնալիքի համար ադրբեջանցի դեսպանի դեմ Բորելին բողոք է ուղարկվել. եվրապատգամավոր
13 Հուլիսի 2023, 16:55
«Ես վերջերս գործուղվել եմ Արցախ-Հայաստան սահման, և ինձ վրա զգացել եմ ոչ միայն ողբերգական իրավիճակը, այլև մեզ սպառնացել է Ադրբեջանի դեսպանը», — Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն (Fabio Massimo Castaldo)՝ խոսելով ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների հասցեին հնչեցրած սպառնալիքի մասին: Եվրապատգամավորները այցելել էին Հայաստան և պարեկություն իրականացրել Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ:
Հիշեցնենք, որ Սադիգովը սպառնացել Էր Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ Twitter-ում գրառում թողնելով. «Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության «Истиглал ИСТ-14,5» դիպուկահար հրացանն ունի շուրջ 3000 մետր արդյունավետ հեռահարություն: Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից», — գրել էր Սադիգովը։
«Դեսպանը հասկացրել է, որ ադրբեջանական զորքերը կարող են նույնիսկ մտածել այն հնարավորության մասին, որ դիպուկահարները կրակեն մեզ՝ Եվրախորհրդարանի պատգամավորներիս վրա: Դա անընդունելի է դիվանագետի կողմից, և ես կարծում եմ, որ նա պետք է պատասխանատվություն կրի նման հայտարարությունների համար, որոնք լիովին անթույլատրելի են Եվրամիության համար», — նշել է իտալացի պատգամավորը:
Կաստալդոն նշել է, որ մի խումբ եվրոպացի պատգամավորներ բողոքի նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ տվյալ միջադեպի վերաբերյալ: «Մենք հույս ունենք, որ նա քայլեր կձեռնարկի։ Եկեք մնանք ճշմարտության կողքին եւ շարունակենք պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նախնիների հայրենիքում ապրելու՝ նրանց իրավունքը», — ընդգծել է եվրապատգամավորը: