Գելենջիկում կներկայացվի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը
20 Հուլիսի 2025, 19:25
Հուլիսի 23-ին և 24-ին «Գելենջիկ Արենա»-ում կանցկացվի «Տարվա եղանակներ» փառատոնը։ Ռուսաստանի Մեծ թատրոնը կներկայացնի հայ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:
Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ռուսաստանի վաստակավոր արտիստ Պավել Սորոկինը:
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը ծնվել է Արամ Խաչատրյանի եղբոր` թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում:
Կոմպոզիտորը ստեղծագործել է հիմնականում ջութակի և դաշնամուրի համար, ունի սոնատներ թավջութակի և դաշնամուրի համար։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև աֆրիկյան երկու պետությունների հիմները:


