Արցախը Հայաստան է և վերջ․ Լեոնիդ Ազգալդյանի կյանքի ուղին

22 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

1942 թվականի նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ծնվել է Լեոնիդ Ազգալդյանը՝ հայ ականավոր ֆիզիկոս, գիտնական, հասարակական գործիչ, Արցախյան ազատագրական պայքարի նշանավոր կազմակերպիչներից և զորահրամանատարներից մեկը, Հայաստանի Ազգային հերոս (հետմահու)։

Օժտված լինելով բացառիկ մտավոր կարողություններով՝ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն։

Մինչև Արցախյան շարժման սկիզբը Ազգալդյանը զբաղվել է գիտական գործունեությամբ՝ մասնագիտանալով կառավարման ավտոմատացված համակարգերի և կիբեռնետիկայի բնագավառներում։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք գիտահետազոտական հաստատություններում, իսկ հետագայում գլխավորել է «ԱՍՈՒ-Գոսպլան» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը։

1988 թվականին, երբ ծավալվել է ազգային-ազատագրական շարժումը, Լեոնիդ Ազգալդյանն առանց վարանելու թողել է գիտական գործունեությունը՝ իր գիտելիքներն ու կարողությունները նվիրաբերելով հայրենիքի պաշտպանության գործին։ Ռազմավարական խորաթափանց մտածողությամբ, վերլուծական բացառիկ ունակություններով և երկաթյա կամքով օժտված գործիչը 1990 թվականի փետրվարին կանգնել է «Անկախության բանակ» կամավորական կազմավորման ստեղծման ակունքներում և դարձել դրա հրամանատարը։

Հետագայում, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա հիմնադրել է «Ազատագրական բանակ» լեգենդար ջոկատը, որտեղ առանձնահատուկ նշանակություն էին տրվում կարգապահությանը, անձնական պատասխանատվությանը և մարտական ոգուն։ Ջոկատում գործում էր նաև խիստ չոր օրենք։

Ազգալդյանի հրամանատարությամբ կամավորականները տասնյակ պաշտպանական և հարձակողական գործողություններ են իրականացրել Վարդենիսի, Նյուվադիի, Գետաշենի, Շահումյանի և Մարտակերտի շրջաններում։ Նրա՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքը դարձել է ազգային ինքնագիտակցության, հայրենասիրության և անկոտրում կամքի խորհրդանիշ՝ ոգեշնչելով հայրենիքի պաշտպանների մի ամբողջ սերնդի։

1992 թվականի հունիսի 21-ին Լեոնիդ Ազգալդյանը հերոսաբար զոհվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում։ Նրա անունն ընդմիշտ դրոշմվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես մտավորականի, գիտնականի և զինվորի, որն իր կյանքը զոհաբերել է հանուն հայրենիքի ազատության, ժողովրդի արժանապատվության և Արցախի պաշտպանության։