Հասկանալի էր, որ Փաշինյանը կհանձնի Զանգեզուրը․ Սերգեյ Կարնաուխով
23 Հուլիսի 2025, 22:15
Հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ԱՄՆ-ին հանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը։
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանցիներին որևէ կերպ հակազդելու անկարողությունը Փաշինյանին դրդում է միջանցքը հանձնել ԱՄՆ-ին։
«Հայաստանը հիմա որոնում է գոնե ինչ-որ գործընկեր, որը կկարողանա հավասարակշռել այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Իսկ Հայաստանին իսկապես հիմա ինչ-որ կերպ պետք է պաշտպանվել Ադրբեջանից, որն ակնհայտորեն ուժ է հավաքում, լկտիանում, և, ըստ էության, դառնում է Ռուսաստանի համար երկրորդ Ուկրաինա։ Իրավիճակը զարգանում է այնպես, որ Հայաստանը փաստացի խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք պահպանվում են բացարձակապես դեկորատիվ ձևաչափով, պահպանվում է պարզապես դիվանագիտական արարողակարգը։ Հետևաբար, ամերիկացիներին, ավելի ճիշտ, ադրբեջանցիներին որևէ կերպ հակազդելու անկարողությունը Փաշինյանին տալիս է նման մոտիվացիա։
Փաշինյանի համար ամերիկացիները թշնամիներ չեն։ Իհարկե, ԱՄՆ-ը հետաքրքրված է բիզնեսի ևս մեկ կետով։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ դա նաև տարածաշրջանային, ռազմաքաղաքական իրավիճակի վերահսկողություն է։ Այսինքն՝ սա ամեն առումով շահավետ է»,- ասել է Կարնաուխովը։
Փորձագետի կարծիքով՝ հասկանալի էր, որ Փաշինյանը կհանձնի Զանգեզուրը։
«Պետք չէ կանխատեսել, հասկանալի էր, որ Փաշինյանը կհանձնի Զանգեզուրը։ Այլ հարց է՝ չէր կարելի ենթադրել, որ այն կանցնի ամերիկացիների վերահսկողության տակ։ Եվ, անկեղծ ասած, ես հիմա էլ վստահ չեմ, որ ամերիկացիները կկարողանան լուծել այս խնդիրը հռչակագրային ձևով։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը բավականին սուբստանտիվ է, որպեսզի ամերիկացիներին ասի, որ դա իրենց գործը չէ, և իրենք կլուծեն այդ տարածքի հարցը։ Ուստի կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ իր խոսքը չի ասել, և, ամենայն հավանականությամբ, որոշումը, այնուամենայնիվ, կկայացնի Ադրբեջանը։ Բաքուն, ավելի քան վստահ եմ, ամեն ինչ կանի, որպեսզի Զանգեզուրի վերահսկողությունն իրեն մնա։ Հակառակ դեպքում, այն ամենն, ինչ նրանք արել են, անիմաստ է։
Նրանք դա չեն արել, որ ամերիկացի գործարարները հարստանան։ Ադրբեջանցիներն ունեն իրենց խնդիրները՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ գլոբալ, և՛ աշխարհայացքային, որովհետև Զանգեզուրը նաև Ադրբեջանի գաղափարախոսության մի մասն է»,- ասել է Կարնաուխովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա փորձագետի խոսքով՝ այն կարձագանքի, եթե Հայաստանի կողմից հարցում ստացվի։
«Փաշինյանը վերաձևափոխել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե Ռուսաստանին հարցում ուղարկվի, Ռուսաստանը կդիտարկի և հրապարակայնորեն ինչ-որ բան կպատասխանի։ Հիմա Փաշինյանի կողմից Զանգեզուրի վերաբերյալ դիմում չկա, ուստի Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքում, դա ընդհանրապես մեր գործը չէ։ Հայաստանն ընտրել է Փաշինյանին, իսկ նա քաղաքական որոշում է կայացրել հայ ժողովրդի անունից։ Նախ՝ Ղարաբաղը հանձնել է ադրբեջանցիներին, հետո Զանգեզուրը, և Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է։ Կարծում եմ՝ գլոբալ առումով պարզապես տեղի է ունենում հայության անհետացում, վերաձևափոխում»,- ասել է Կարնաուխովը։
Միաժամանակ, փորձագետը մեկնաբանել է Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրումը, ինչպես նաև այն, թե ինչ է սպասվում Հայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանին։