Երևանի և Բաքվի երկխոսության մեջ «արևմտյան ռելսերը» սպառնում են խաթարել հավասարակշռությունը. Զախարովա

24 Հուլիսի 2025, 14:35

Քաղաքականություն

Արևմուտքը ցանկանում է Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացը տեղափոխել «իր ռելսերի» վրա, ինչը կարող է տարածաշրջանում անհավասարակշռության հանգեցնել։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանա-հայկական կարգավորման համատեքստում դիվանագետը կոչ է արել արևմտյան մայրաքաղաքների ազդանշանները դիտարկել ոչ մակերեսային, քանի որ, ռուսական կողմի տվյալներով, ոչ մի կասկած չկա, որ Արևմուտքի իրական դրդապատճառներում հերթական բարի մտադրությունների տակ «թաքնված է զուտ կոնյունկտուրային խնդիր»:

«Արևմուտքը ցանկանում է հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից, երբ Հարավկովկասյան երկու երկրներ փորձում են ինքնուրույն գալ կառուցողական, կոնսենսուսային լուծումների՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ, որոնց հետ իրենք են ապրում, և որոնք բազմիցս աջակցել են նրանց հաշտեցմանը կամ կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։

Արևմտամետները նպատակ ունեն Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել իրենց ռելսերի վրա։ Թե ուր են սովորաբար տանում այդ ռելսերը, մենք էլ գիտենք։ Իրականում դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության համակարգի անհավասարակշռության, տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման, երբ արդիական հարցերի լուծմամբ զբաղվում են Հարավային Կովկասի պետությունները և նրանց անմիջապես սահմանակից երկրները», — ընդգծել է Զախարովան։

Նա նշել է նաև տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին միջամտելու Վաշինգտոնի փորձերը:

«Ամերիկացիներն, օրինակ, ասում են, թե իբր իրենք ունեն, կրկին մեջբերում եմ նրանց, «հարցի եզակի լուծում»։ Իրականում ոչ մի նոր բան, բացի նրանից, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, նրանք չեն կարող առաջարկել։ Համապատասխանաբար, այստեղ էլ խորամանկություն է նկատվում», — շարունակել է դիվանագետը։

Հիմա եթերում