Քանի որ ես դեմ չեմ Սամվել Կարապետյանին, ապա ինձ պետք է զրկեն կարգավիճակից. Նարեկ Սպարտակյան
29 Հուլիսի 2025, 21:30
Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը հայտարարել է, որ իրեն զրկել են կարգավիճակից, քանի որ ինքը հանդես չի եկել Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ:
Նրա խոսքով՝ հետկանչի պատճառը գործարար Կարապետյանի ձերբակալության և եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ անհամաձայնությունն է եղել:
«Ես ենթադրում էի, որ այդպես կլինի, որովհետև վերջին շաբաթներին դեսպանատնից սկսեցի նամակներ ստանալ, որ ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին և եկեղեցուն։ Ինձ զանգեցին Հայաստանից և ասացին՝ դե դու այդպիսի դիրքորոշում ունես, բայց դա չպետք է լինի այդպիսին և այլն։ Ինչին ի պատասխան ասացի, որ այո՛, ես նման դիրքորոշում ունեմ և չեմ ուզում, որ Սամվել Կարապետյանը նստի, և ես չեմ ուզում հարձակումներ լինեն հայկական եկեղեցու վրա: Որոշ ժամանակ դադար եղավ, հետո նորից նամակներ եղան, ուստի ես ենթադրում էի, որ այսպես էլ կլինի։ Ես նույնիսկ ծանուցել եմ Եկատերինբուրգի ԱԳՆ-ին, որ Հայաստանը մտադիր է օրերս թուղթ ուղարկել իմ հետկանչի մասին», — ասել է Սպարտակյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է խառնվի եկեղեցու գործերին, առավել ևս փորձի թուլացնել այն։
«Ես միանշանակ կարծում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր հիմքն է, դա մեր ամեն ինչն է։ Իսկ Սամվել Կարապետյանին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Ես գլուխս չեմ խոնարհի ոչ այս, ոչ էլ մյուս դեպքում: Ես շատ եմ հարգում Սամվել Կարապետյանին և նրան օրինակ եմ համարում։ Պատիվ եմ ունեցել բազմիցս լինել նրա կազմակերպած համաժողովներում, լսել նրա խորհուրդները։ Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն, ես կարծում եմ՝ նման գործերին միջամտելը մեր գործը չէ, առավել ևս սկզբունքորեն այն թուլացնելը», — նշել է Սպարտակյանը։
Պատվո հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես զրկել են իրեն կարգավիճակից՝ իրենց դիրքորոշմանը չհամաձայնելու համար:
«Ես ուզում եմ ընդգծել, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, ես ոչ մի տեղ ոչինչ չեմ իրականացրել ո՛չ պետության, ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ հայ դեսպանի դեմ, քանի որ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում գործող դեսպանին։ Ոչ ոք ինձ կոնկրետ ոչ մի բանում չի մեղադրել, նրանք պարզապես համարել են, որ քանի որ ես դեմ չեմ Սամվել Կարապետյանին, դեմ չեմ հայկական եկեղեցուն, ապա պետք է ինձ զրկել այդ կարգավիճակից», — եզրափակել է Սպարտակյանը։