Ավանդույթի ու նորույթի միջեւ. Իտալական Vogue-ը՝ Երեւանում նորաձեւության շաբաթվա մասին

15 Հուլիսի 2023, 08:20

Մշակույթ

Իտալական Vogue-ն անդրադարձել է Երեւանում նորաձեւության շաբաթվան ու նշել, թե բավական է շրջել Երեւանի կենտրոնում՝ հասկանալու համար, որ Հայաստանը հնագույն ավանդույթներով երկիր է, որն ունի չափազանց ժամանակակից ոգի:

«Մի կողմից, աստվածաշնչյան Արարատ լեռը, որն այսօր պատկանում է Արեւելյան Թուրքիային, բայց պատմականորեն հայկական տարածք է, ծառայում է որպես քաղաքի հետխորհրդային երկնքի գեղատեսիլ ֆոն, մյուս կողմից՝ մշտական անդրադարձ Քիմ Քարդաշյանին, Հյուսիսային պողոտայի աղջիկների հանդերձանքին ու դիմահարդարմամնը, ինչպես նաեւ Երեւանում առաջին Նորաձեւության շաբաթվա (YFW) ցուցադրություններին։

YFW-ը, որը տեղի ունեցավ հուլիսի 1-ից 6-ը, ոչ միայն հնարավորություն էր նորաստեղծ եւ կայացած դիզայներների համար՝ ներկայացնելու իրենց հավաքածուները մամուլին ու բայերներին, այլեւ հնարավորություն՝ քննարկումների, լոնդոնյան Fashion Scout-ի ներկայության միջոցով:

Երեւանի նորաձեւության շաբաթը նաեւ հնարավորություն է տվել ներկայացնելու երկրի ժառանգությունը՝ լեռներում տեղակայված պատմական վանքերից, մայրաքաղաքի վարդագույն տուֆի ճարտարապետությունից մինչեւ ավանդական գորգերի մոտիվներ»,-գրում է ամսագիրը:

«Ինձ համար գեղեցկությունն առավոտյան արթնանալն ու արեւը տեսնելն է։ Գեղեցկությունը տեսնում եմ ծառերի, հագուստի, բազմազանության մեջ»,- ամսագրի հետ զրույցում բացատրել է է հայազգի հյուր ու մոդել Արմինե Հարությունյանը, որ 2020 թվականին քայլել է Gucci-ի համար եւ դարձել կոշտ բոդիշեյմինգի զոհ:

«Իսկ սիրիահայ դիզայներ Հակոբ Շահինյանը պոդիում է բերել ուրախության իր անձնական ուղերձը՝ գունավոր տրիկոտաժե վերնաշապիկների, վառ կիսաշրջազգեստների եւ հուզիչ միամտության միջոցով։

Գործվածքների վրա փակցված տպագիր կամ ասեղնագործված գրաֆիկան իրականում նմուշներ են, որոնք դիզայները (նաեւ նկարիչ) ստեղծել է մանուկ հասակում՝ Սիրիայում, որտեղից նա ստիպված է եղել հեռանալ»,-շարունակում է պատմել Vogue-ը: