Կովկասի համար լուծումները պետք է ծնվեն տարածաշրջանի ներսում․ Զախարովա
09 Օգոստոսի 2025, 18:24
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները:
«Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վաշինգտոնյան նախաձեռնությունները պահանջում են ուշադիր դիտարկում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում։ Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, և կողմերից ոչ մեկը պաշտոնապես դուրս չի եկել դրանցից:
Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նրա տարածքով բեռների տարանցման հարցերը կարգավորվում են միասնական մաքսային տարածքի ընդհանուր կանոններով: Սա ստեղծում է լրացուցիչ իրավական և լոգիստիկ շրջանակ, որը պետք է հաշվի առնել նոր երթուղիների քննարկման ժամանակ:
Ոչ պակաս կարևոր գործոն է հայ-իրանական սահմանի պահպանությունը, որն իրականացվում է ռուս սահմանապահների կողմից 1992թ. սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի հիման վրա: Սա ընդգծում է Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորի», — ասվում է մեկնաբանության մեջ։
Մարիա Զախարովան նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի համար կայուն լուծումները պետք է ձևավորվեն հենց տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ: Նրա խոսքով՝ արտաքին խաղացողների ներգրավումը, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է նպաստի խաղաղության ամրապնդմանը, այլ ոչ թե բաժանման նոր գծեր ստեղծի: