Ազատության ֆիդայիները. Խանասորի Վարդանի ուղին

10 Օգոստոսի 2025, 22:38

Հայեր

Սարգիս Մեհրաբյանը՝ հայտնի որպես Խանասորի Վարդան, ծնվել է 1867 թ․ օգոստոսի 10-ին Արցախի Ծաղկաշեն գյուղում։ Պատանեկության տարիներին անդամակցել է հայրենասիրական տարբեր խմբակների։ Ավարտել է Շուշիի ուսումնարանը, այնուհետև տեղափոխվել Բաքու, որտեղ աշխատել է նավթահանքում։ Ծառայել է ռուսական բանակում, 1890 թ․ մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավախմբին։

1890-ականներից գործել է Ատրպատականում և Վասպուրականում, մասնակցել է թուրքական և քրդական ուժերի դեմ մարտերին, Դերիկի վանքի, Վանի և Շատախի պաշտպանությանը։ 1897 թ․ գլխավորել է Խանասորի արշավանքը՝ քուրդ առաջնորդ Շարիֆ Բեկի դեմ ուղղված վրեժխնդրության գործողությանը, ով ոչնչացրել էր հայ պարտիզաններին։ Վարդանը 253 ֆիդայիներով անցել է սահմանը, և 12 ժամ տևած մարտում նրա ջոկատը ոչնչացրել է թշնամու ուժերը։ Շարիֆ Բեկը փրկվել է՝ հագնելով կանացի հագուստ. Վարդանն արգելել էր դիպչել կանանց և երեխաներին։ Այս սխրանքի համար նա ստացել է «Խանասորի» մականունը։

Վարդանն Իրանում «Դաշնակցություն» կուսակցության ընդհատակյա գործունեության կազմակերպիչներից էր, զբաղվում էր զենքի և մարտիկների տեղափոխմամբ։ 1905–1906 թթ․ ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանությունը։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո ապրել է Մանիսայում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Կովկաս, գլխավորել է Հայկական 5-րդ կամավորական ջոկատը։ 1915 թ․ ղեկավարել է Արարատյան ջոկատը, որը օգնության էր հասել Վասպուրականի հայերին։

Կամավորական ջոկատների լուծարումից հետո հրաժարական է տվել։ 1917-1918 թթ․ ապրել է Բաքվում, եղել է Հայոց ազգային խորհրդի անդամ։ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին հեռացել է քաղաքականությունից, զբաղվել գյուղատնտեսությամբ։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո մնացել է Հայաստանում, ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մահացել է 1943 թ․։

Վարդանի մասին բազմաթիվ երգեր են գրվել։ 2007 թ․ նրա հայրենի տունը վերականգնվել է ԱՄՆ-ի հայերի շնորհիվ։ Նրա անունը հավերժ մնացել է պատմության մեջ՝ որպես քաջության և ժողովրդին նվիրվածության խորհրդանիշ։