Սա ընտրություն չէր, այլ թյուրիմացություն․ Գենադի Զյուգանով

10 Հունիսի 2026, 22:40

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։

«Կարծում եմ՝ տեղի ունեցածը բացարձակապես անթույլատրելի էր։ Սա ընտրություն չէր, այլ թյուրիմացություն։ Սակայն այն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ թե՛ հայ ժողովրդի, թե՛ բոլորիս համար։ Իմ համոզմամբ՝ ամերիկացիներն ու եվրոպացիները պատահական չէ, որ միջամտել են այդ գործընթացին․ նրանց անհրաժեշտ է լարվածության ևս մեկ օջախ։ Փաշինյանի վարքագիծը բնավ պետական գործչին վայել չէ։ Դա ամենակոպիտ խախտումն է հնարավոր բոլոր նորմերի։ Ես լսել եմ նրա ելույթները, որտեղ նա ասում էր, թե պետք է հաշվեհարդար տեսնել ընդդիմության բոլոր առաջնորդների հետ, բոլորին բանտարկել։ Ներեցեք, բայց ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»,- ասել է Զյուգանովը։

Կոմկուսի առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է տարանջատել հայ ժողովրդին ներկայիս իշխանությունների քաղաքական որոշումներից ու գործընթացներից, քանի որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը, ընդհանուր հիշողությունն ու փոխադարձ աջակցությունը։

«Պետք է առանձնացնել հայ քաջ ու աշխատասեր ժողովրդին, որը Իվան Բաղրամյանի նման մեծանուն զորահրամանատարներ է տվել և Հայրենական մեծ պատերազմի տարիներին տվել է շուրջ 60 գեներալ ու հրամանատար։ Իվան Բաղրամյանը ղեկավարում էր Օրյոլի ուղղությունը այդ նշանավոր ճակատամարտում։ Ես նրա հետ միասին մասնակցել եմ տանկիստ-հերոսների հուշարձանի մոտ Հավերժական կրակի բացմանը։ Դարեր շարունակ մեզ կապել է ընդհանուր պատմությունը։ Մենք բազմիցս օգնել ու փրկել ենք միմյանց։ Իմ հայրը, որը Սևաստոպոլի մոտ կորցրել էր ոտքը, բուժվել է թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Հետագայում նրան դուրս են գրել Աշխաբադից։ Նա միշտ ջերմ խոսքեր էր ասում թե՛ բժիշկների, թե՛ իր կողքին կանգնած մարդկանց մասին։ Իսկ այսօր որոշ մարդիկ ազգերին իրար դեմ են հանում և զբաղվում բացահայտ սադրանքներով։ Հետևաբար սա ընտրություն չէ։ Հայ ժողովրդին անհրաժեշտ է առավելագույնս համախմբվել և աջակցել միմյանց, որովհետև այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, պատերազմից, խայտառակությունից և պառակտումից բացի այլ բան չի բերելու», — եզրափակել է Զյուգանովը։