Ամբողջ ժողովրդին մեղադրելը սխալ է, բայց եկեղեցին չուլան ասողներից ներողություն չեմ խնդրի. Խաչիկյան

12 Օգոստոսի 2025, 19:18

Քաղաքականություն

Մեր եկեղեցին չուլան անվանածների արժանապատվությունը սկսել է խոսել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Ես իմ զրույցներում բազմիցս ասել եմ՝ կան մարդիկ, որոնց համար ավելի կարևոր է քաղցր կյանքը, քան Հայաստան ունենալը, պետություն ունենալը: Եթե նման արտահայտությամբ ես վիրավորել եմ մեր ժողովրդին, ապա խնդիր չունեմ ներողություն խնդրելու: Ամբողջ ժողովրդին մեղադրելը սխալ է, բայց ես ներողություն չեմ խնդրելու այն մարդկանցից, որոնք մեր եկեղեցին անվանել են չուլան, հարձակվել են Էջմիածնի վրա, որոնք ասել են՝ մեր ունեցածը մի գոմ է և մի հավանոց։ Պարզվում է՝ այդ մարդկանց արժանապատվությունը սկսել է խոսել, բայց ես նրանց ասելու որևէ բան չունեմ»,- նշել է Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կսպասի, որ Հայաստանի ներկա իշխանությունները վերընտրվեն, իսկ հետո կշարունակի պահանջների ցուցակը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղությունը կտևի այնքան ժամանակ, մինչև այս խումբը նորից ընտրվի: Ժողովրդին կասեն՝ մենք խաղաղություն ենք ձեզ բերել, ներդրումներ կլինեն, առևտուր կլինի, իսկ ժողովուրդը կհավատա: Եվ երբ նրանք նորից ընտրվեն, այդ ժամանակ մենք կտեսնենք ամբողջովին ուրիշ արտաքին քաղաքականություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այնպես, ինչպես նրանք խաբեցին մեր ռուս ընկերներին, նույն ձևով կխաբեն մեզ, չնայած՝ արդեն խաբել են։ Այսինքն՝ Ադրբեջանը կսպասի, որ այս խումբը վերընտրվի, իսկ հետո կշարունակի պահանջների ցուցակը»,- ընդգծել է Խաչիկյանը։