ԵԱՏՄ երկրների համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր. Լուսինե Բագրատունի

15 Օգոստոսի 2025, 18:48

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում ստեղծում է եվրասիական տուրիստական երթուղիներին նվիրված հատուկ բաժին, որը կներառի ԵԱՏՄ անդամ երկրների ավելի քան 400 տուրիստական օբյեկտների մասին տեղեկություններ։ Այս մասին Բոստերիում (Ղրղզստան) կայացած «Եվրասիական զբոսաշրջության թվային վեկտորը. ինտեգրման և աճի ռազմավարություններ» նստաշրջանի ժամանակ հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության պետի տեղակալ Լուսինե Բագրատունին։

«Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների աշխարհագրական մոտիկությունն` այս ոլորտում համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր, աշխատատեղերի ստեղծման և ձեռներեցության զարգացման կարևոր գործոն։ Մեր երկրները հսկայական ռեկրեացիոն ներուժ ունեն՝ լեռնային լճերից և տափաստաններից մինչև հարուստ պատմությամբ համաշխարհային մակարդակի քաղաքներ և մշակութային կենտրոններ։ Բայց որպեսզի այդ ներուժը պահանջված լինի, մենք պետք է նույն լեզվով խոսենք 21-րդ դարի զբոսաշրջիկի հետ՝ թվային տեխնոլոգիաների լեզվով»,- ընդգծել է Բագրատունին։

Ստեղծվող բաժինը կմիավորի ազգային տուրիստական պորտալների տվյալները, կառաջարկի ինտերակտիվ քարտեզներ, երթուղիներ և արդիական տեղեկատվություն ԵԱՏՄ երկրներում ճանապարհորդողների համար։