Արցախը սովահար է, ՄԱԿ-ը պարենի ծրագիր ունի. կերակրող մայրն ու բազմազավակ մայրը դիմում են ՄԱԿ-ին
18 Հուլիսի 2023, 18:15
Երեք մանկահասակ երեխաների մայր, ծնունդով արցախցի, գրող Հերմինե Ավագյանը եւ մայրության արձակուրդում գտնվող Մարգարիտա Սահակյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
«Ես կոնկրետ Հասմիկ Սիմոնյանից եմ տեղեկացել, որ այսպիսի ակցիա կա: Որպես նրա գրչընկեր, և որպես հայ կին և մայր, մենք ճիշտ գտանք սատարելու ակցիային»,-պատմում է Հերմինե Ավագյանը: Ակցիան սկսել են վաղ առավոտից, և մտադիր են մինչև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքային օրվա ավարտը այնտեղ անցկացնել:
Երեկ ևս երկու կին՝ գրականագետ Հասմիկ Սիմոնյանն ու քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հանդես էին եկել նման նախաձեռնությամբ: «Երեկ իրենք էին , այսօր՝ մենք, վաղը ուրիշ մայրեր կմիանան հացադուլին: Մենք ցանկանում ենք, որ դա շարունակական լինի»,- ասում է Հերմինե Ավագյանը:
Ավագյանի հացադուլին միացել է նաև մայրության արձակուրդում գտնվող Մարգարիտա Սահակյանը: ՄԱԿ-ի գրասենյակը փակվելուց հետո կանայք մտադիր են հացադուլը շարունակել այսօր սպասվելիք այլ ակցիների ընթացքում:
Կանայք ընդգծում են, որ իրենց ակցիան կոնկրետ ՄԱԿ-ին է ուղղված, քանի որ այդ կառույցն ունի շրջափակման մեջ գտնվող մարդկանց համար հատուկ պարենային ծրագիր: Կանաց ակնկալիքն այդ կառույցից շրջափակված Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է՝ հատկապես մայրերին և երեխաներին:
Հերմինե Ավագյանը նշում է՝ թեպետ իր երեխաները այստեղ իր հետ Երևանում են , բայց հիմա շրջափակված Արցախում են ապրում եղբայրը, մայրը և մյուս հարազատները:
«Ես չեմ կարող իմ երեխաների հետ հանգիստ սեղան նստել, երբ զանգում եմ իմ եղբայրներին և տեսնում, որ իրենց երեխաները թերսնվում են»,- բացատրում է կինը:
Հերմինե Ավագյանի խոսքով ինքն աշխատում էր Արցախում, որտեղից Հայաստան է եկել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին: Միտք ուներ վերադառնալ Արցախ դեկտեմբերի 12-ին, սակայն, թշնամին իր՝ Երևան գալու ժամանակ առաջին անգամ ճանապարհը չորս ժամով փակվեց:
«Դա նախազգուշացում էր, որ ճանապարհը կարող է ավելի երկար ժամանակով փակվել»,- կարծում է Հերմինե Ավագյանը: Կինը նշում է՝ թեպետ լավ են հասկանում, որ Արցախի խնդիրը խորքային է, բայց այս պահին ցանկանում են, որ ՄԱԿ-ի միջոցով լուծվի 30,000 երեխաների հացի խնդիրը:
Ակցիային մասնակցող մյուս կնոջ՝ Մարգարիտա Սահակյանի խոսքով, ՄԱԿ-ի աշխատակիցներն ավելի շատ անտարբեր են իրենց հանդեպ, թեպետ Հերմինե Ավագյանը նշում է՝ ՄԱԿ-ի աշխատակից կանանցից մեկը իրենց տեսնելիս հուզվել է: