Հարություն Ավետիսյանն արժանացել է «Oganesson» մրցանակիի
21 Սեպտեմբերի 2025, 16:00
Հայտնի են դարձել ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և միջոցներով հիմնադրված «Oganesson» հեղինակավոր մրցանակի 2025 թվականի դափնեկիրների անունները:
Պարգևատրվածների թվում է ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Իշխանի Ավետիսյանն՝ ականավոր մաթեմատիկոս և համակարգային ծրագրավորման մասնագետ: Նա ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի համակարգային ծրագրավորման ամբիոնը:
Մրցանակը շնորհվել է գիտական և կիրառական ոլորտներում արհեստական բանականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում երկարամյա աշխատանքի համար:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2026 թվականի փետրվարին Մոսկվայում։
«Oganesson» մրցանակը շնորհվում է ամեն տարի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և կիրառական խնդիրների տեսական և փորձարարական հետազոտություններում նշանակալի նվաճումների, ինչպես նաև կրթության ոլորտում ստեղծագործական գործունեության և գիտության հանրահռչակման համար: