Ռուսաստանը մինչև 2030 թ-ը կստեղծի փակ ցիկլով առաջին միջուկային համակարգը. Վլադիմիր Պուտին

25 Սեպտեմբերի 2025, 19:09

Քաղաքականություն

Ռուսաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը գործարկել աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով միջուկային էներգահամակարգը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ընթացող Գլոբալ ատոմային ֆորումի ժամանակ։ Նոր համալիրը կկառուցվի Տոմսկի մարզում։

Նախագահը հիշեցրել է, որ ուրանի հետ աշխատանքներ սկսելու մասին որոշումը ԽՍՀՄ-ում կայացվել էր դեռ 1942 թվականին՝ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, որը համարվում է պատերազմի ամենածանր փուլերից մեկը։

«Փորձագետների գնահատականներով՝ ուրանի պաշարները կարող են սպառվել 2090 թվականին, հնարավոր է՝ ավելի վաղ։ Սակայն ռուս գիտնականները մշակել են նորարարական տեխնոլոգիա, որը կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Առաջիկա տասը տարիների ընթացքում տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը կավելանա ավելի քան երեք անգամ: Ի պատասխան այդ մարտահրավերի՝ Ռուսաստանն արդեն սկսել է նման կենտրոնների տեղակայումը ատոմային էլեկտրակայանների հիման վրա։

Խաղաղ ատոմի պահանջարկը կաճի, հատկապես գլոբալ հարավի և Արևելքի երկրներից։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մնում է միակ երկիրը, որն ունի միջուկային էներգետիկայի ոլորտում իրավասությունների ամբողջական շրջանակ՝ հումքի արդյունահանումից մինչև ռեակտորների կառուցում և շահագործում»,- ասել է նախագահ Պուտինը: