Իմաստ չկա, որ Հայաստանը վիճի Ռուսաստանի հետ. Բորիս Մեժուև

26 Սեպտեմբերի 2025, 23:55

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Բորիս Մեժուևը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին, ինչպես նաև վերլուծել է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները։

«Փաշինյանի այցը Մոսկվա, հավանաբար, հաջող է անցել։ Կարելի է ասել, որ մեր երկրների միջև առկա բոլոր դժվարությունները հնարավոր չի լինի հաղթահարել մեկ այցի ընթացքում։ Ակնհայտ է, որ դրանք կմնան, այդ թվում՝ ԱԷԿ-ի հարցը, որը Ռուսաստանը պետք է կառուցի, նույնպես, հավանաբար, կմնա չլուծված, բայց, այնուամենայնիվ, պարզ է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Երևանը ներկայումս մեծ ցանկություն չունեն սրելու հակամարտությունը, և, այսպես ասած, մենք տեսնում ենք, թե ինչպես է նվազել Փաշինյանի քննադատության մակարդակը ռուսական լրատվամիջոցներում։

Այսինքն՝ երկու կողմերն էլ հիմա ունեն այսպիսի իրավիճակ. սա արդեն ոչ թե ռոմանտիկ ոգևորվածություն է, ոչ էլ սերտ ու մտերիմ հարաբերություններ։ Դա ավելի շուտ այն գիտակցումն է, որ շարժումը միևնույն է գնալու է տարբեր ուղղություններով, բայց ավելի լավ է այդ գործընթացը չարագացնել։

Կարծում եմ՝ դրանից հետո քննադատությունը զգալի չափով կնվազի, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դեռևս էապես չեն բարելավվել։ Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ իրական խնդիրները չեն լուծվել։ Հայաստանի շարժումը, միևնույն է, դեպի Ռուսաստան չէ, այլ Ռուսաստանից հեռու»,- կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Հայաստանն այս փուլում հիմքեր չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու, իսկ Արևմուտքը հիմքեր ունի Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր չանելու՝ Հայաստանին իր կողմը քաշելով։

«Հայաստանն ինքնասպան չէ։ Ինչո՞ւ պետք է վիճի հզոր հարևանի հետ։ Եվ հետո, քանի որ Ռուսաստանը վատ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և դրանք դժվար թե բարելավվեն, ապա ինչո՞ւ այդ իրավիճակում անհարկի թշնամիներ ձեռք բերել, որոնց կարելի է դաշնակից դարձնել։

Իսկ Եվրոպան, կարծում եմ, մեծ ցանկություն չի ունենա Հայաստանին Ռուսաստանի դեմ շրջելու և այդ գործընթացն արագացնելու, քանի որ դա կարող է հանգեցնել անհասկանալի հետևանքների՝ ոչ լիովին կանխատեսելի, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի տնտեսական բարօրությունն ավելի շատ կախված է այլ խաղացողներից»,- եզրափակել է Մեժուևը։

Հիմա եթերում