Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել․ նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ

28 Սեպտեմբերի 2025, 11:22

Քաղաքականություն

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:

Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, որը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։ 

Հիմա եթերում