Հանձնել Արցախը՝ Ռուսաստանին եվրասիական էներգետիկ շուկայից մեկուսացնելու համար
01 Հոկտեմբերի 2025, 19:00
(Ամերիկացի պաշտոնյաները չեն խնայում Փաշինյանին)
«Նիկոլ Փաշինյանին չի օգնում նույնիսկ այն, որ նա ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսահամարը։ Չի օգնում… Քիչ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ TRIPP-ը կապահովի անարգել մուտքը «Զանգեզուրի միջանցքով» և կնպաստի տարածաշրջանային կապերի զարգացմանը, այլև ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը բացահայտեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները։
Եթե ներկայացնենք պայմանավորվածությունների էությունը, ապա դրանք հանգում են հետևյալ բանաձևին. հանձնել Արցախը՝ հանուն Ռուսաստանի մեկուսացման եվրասիական էներգետիկ շուկայից։ Իսկ ի՞նչ էր ասել ամերիկացի պաշտոնյան։
«Ադրբեջանն ունի հսկայական պաշարներ (նավթի և գազի – խմբ.), և ես կարծում եմ, որ հարավային սահմանի երկայնքով այս միջանցքը (այն, ինչ կոչվում է TRIPP՝ Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման – խմբ.), որը կմիացնի Հայաստանն ու Ադրբեջանը, թույլ կտա մեծացնել բնական գազի մատակարարումներն Ադրբեջանից Եվրոպա։ Կարծում եմ՝ սա ֆանտաստիկ է։ Ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների արդյունահանումը և դրանց մատակարարումն ամբողջ աշխարհի շուկաներ՝ շրջանցելով Ռուսաստանը, հիանալի ապագա է մեր երկրների միջև համագործակցության շրջանակներում», – նշել է նախարարը։
Նախ, կրկին նշենք՝ սպասում ենք, որ Փաշինյանը կզանգի Թրամփին և կպահանջի «գոնե» ամերիկացի պաշտոնյաներին արգելել «միջանցք» տերմինի օգտագործումը։ Երկրորդ, ամերիկացի նախարարի հայտարարությունն ապացուցում է, որ մի շարք գնահատականներ, որոնք տրվել էին հայ քաղաքագետների, քաղաքական գործիչների, միջազգային փորձագետների, Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի ներկայացուցիչների կողմից «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրական էության վերաբերյալ, ճիշտ էին։ «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը Իրանին և Ռուսաստանին կտանի շրջափակման։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերը պետք է ուշադիր վերլուծեն նաև Իրանի աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք, սկսած ԻԻՀ նախկին դեսպան Մեհդի Սոբհանիից մինչև ԱԳ նախարար և նախագահ Մասուդ Պեզեշքիան, բավականին կոմպլիմենտար արձագանքեցին օգոստոսի 8-ի փաստաթղթին (ըստ ամենայնի, նրանք հավատում են ամերիկյան կողմին, որը լռության դիմաց խոստացել էր աչք փակել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման վրա), քանի որ կոնֆլիկտային բնույթ ունեցող նախագիծը կարող է հարվածել նաև Իրանի շահերին՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում։
Այլ կերպ ասած, Փաշինյանը հանձնում էր Արցախը 2020-ից 2023 թվականներին ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար, այլև ՌԴ-ին եվրասիական էներգետիկ շուկաներից առավելագույնս մեկուսացնելու համար։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը Փաշինյանի ակնհայտ նյարդային արձագանքին, ապա խնդիրը այդ տերմինի օգտագործման ժամանակահատվածն է։ Փաշինյանը գիտի, որ նա հանձնել է միջանցքը։ Գիտի, որ հանձնել է միջանցք, որը պիտի գործի այնպես, ինչպես գործում էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը Լաչինի միջանցքը (այսինքն՝ առանց մաքսային կետերի)։ Փաշինյանը միայն ցանկանում է, որ դրսից հայտարարություններով իրեն չխանգարեն 2026 թվականին իշխանությունը վերարտադրել։ Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը պատրաստ կլինի վաշինգտոնյան և ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացմանը (հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին այցելելուց առաջ Փաշինյանը հունիսին թռել էր Ստամբուլ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ)։
Մտածե՛ք այդ մասին․․․»: