44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր զեկույց կպատրաստվի
03 Հոկտեմբերի 2025, 12:00
(Փաշինյանը ցանկանում է իմանալ ոչ թե ինչու ենք պարտվել, այլ ինչու ենք «հայտնվել» Արցախում)
Ի՞նչ է կատարվում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հետ: Շաբաթը սկսվեց նրանով, որ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ԱԺ-ին զեկույցը ներկայացնելու բոլոր ժամկետներն ավարտվել են, և կանոնակարգով այն չի կարող մտնել նիստերի օրակարգ։ Ավելին, նա նշեց նաև, որ իրավաբանորեն փաստաթուղթն այդպես էլ չի ուղարկվել խորհրդարանի նախագահին։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն, իր հերթին, պնդում է, որ հանձնաժողովի զեկույցը պետք է մտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ։
Փոխզիջում դարձավ այն որոշումը, որ Հայաստանի խորհրդարանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը կքննարկի փակ լսումներով։ «Կանցկացվեն փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով։ Մենք նոր քննարկեցինք այդ հարցը խորհրդում և կայացրինք նման որոշում»,- հոկտեմբերի 2-ին հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Մամուլում, փորձագիտական շրջանակներում քննարկումները հանգում են նրան, որ Քոչարյանի և Սիմոնյանի միջև շահերի բախում կա. նրանք ներկայացնում են Փաշինյանի թիմի տարբեր խմբավորումներ, և հենց այս շահերի բախումն է հանգեցրել նրան, որ զեկույցը չի ներկայացվի խորհրդարանի լիարժեք նստաշրջանին։ Իրականում, խնդիրը կարող է այլ բանում լինել։
Սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Ո՞վ եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։ 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին զեկույցի համատեքստում դա նշանակում է, որ զեկույցը պետք է լինի ոչ թե այն մասին, թե ինչու մենք պարտվեցինք պատերազմում, այլ այն մասին, «ինչո՞ւ մենք այնտեղ հայտնվեցինք, ի՞նչ էին անում ՀՀ քաղաքացիները Ղարաբաղում»։
Անդրանիկ Քոչարյանի զեկույցն արդեն հնացած է, այն չի տեղավորվում «չորրորդ հանրապետության գաղափարախոսության» մեջ, և այդ իսկ պատճառով այն պետք է առավելագույնս գաղտնիացնել, առավելագույնս մեկուսացնել հանրության ուշադրությունից, իսկ վերընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը միանշանակ կստեղծի նոր հանձնաժողով, որը «կխորանա պատմության մեջ» և ամեն ինչում կմեղադրի ԽՍՀՄ ՊԱԿ-ին (КГБ), իսկ հետո նաև ՌԴ ԱԴԾ-ին (ФСБ), Կրեմլին, անձամբ Վլադիմիր Պուտինին, ինչը կստեղծի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ լիակատար խզման «գաղափարական հիմքը»։
Մտածե՛ք այդ մասին․․․