Մոսկվայում անցկացվել է հայկական ծագմամբ մշակույթի գործիչների անունները կրող Արվեստի դպրոցների ֆորում

03 Հոկտեմբերի 2025, 19:14

Մշակույթ

Մոսկվայի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում երաժշտության միջազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի և Խորհրդային Միության հայկական ծագմամբ մշակույթի գործիչների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Այվազովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի անունները կրող արվեստի և երաժշտական դպրոցների ղեկավարների առաջին ֆորումը:

Ողջույնի ելույթներից հետո ուսումնական հաստատությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են արվեստի և երաժշտական դպրոցների գործունեության ուղղությունները՝ դասականից մինչև ժողովրդական, պարից մինչև գեղանկարչություն, ներկայացրել նախորդ ժամանակահատվածում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել առաջիկա հեռանկարի համատեղ գործունեությունը:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր, որի հիմնական նպատակն է՝ հաստատությունների միջև կապերի հաստատումը, մեթոդական, կրթական բնույթի համատեղ միջոցառումների իրականացումը օլիմպիադաների տեսքով, կատարողական արվեստի աջակցումը՝ համերգներ, մրցույթներ և փառատոներ անցկացնելու միջոցով, փորձի փոխանակումը ինչպես աշակերտների, այնպես էլ դասախոսների միջև:

Առաջին ֆորումի ավարտին մասնակիցներին դիմել է համակազմակերպիչ, ֆորումի մոդերատոր, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը, ով շնորհակալություն է հայտնել ֆորումի նախաձեռնության բոլոր աջակիցներին:

Հանդիպման կազմակերպիչներն էին «Ժառանգություն և Առաջընթաց» ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների հիմնադրամը, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ միջոցառման հյուրերն էին ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչները:

Հիմա եթերում